Ստամբուլի անվտանգության վարչությունը տեղյակ էր Դինքի կյանքին սպառնացող վտանգի մասին
Ի հայտ է եկել փաստաթուղթ, որից պարզ է դարձել, որ Ստամբուլի անվտանգության վարչությունը իրազեկ է եղել պոլսահայ ականավոր գործիչ, «Ագօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի կյանքին սպառնացող վտանգի մասին: Տեղյակ է եղել, բայց չի ապահովել Դինքի անվտանգությունը:
Այս մասին հայտնում է «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը:
2004 թվականի մարտի 2-ին Ստամբուլի անվտանգության վարչության պետի տեղակալ Հաքան Այդըն Թյուրքելիի ստորագրած փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ «Ագօս» զանգահարող անհայտ անձինք անընդմեջ սպառնացել են սպանել Հրանտին, ուստի վերջինիս տան և «Ագօս» թերթի խմբագրության մոտ պետք է անվտանգության միջոցներ ձեռնարկվեն:
Այդ փաստաթուղթը տեղ է գտել նաև Նեդիմ Շեների հեղինակած «Կարմիր ուրբաթ. Ո՞վ կոտրեց Դինքի գրիչը» անվամբ գրքում, որտեղ լրագրողական հետաքննությունը ներկայացնում է հանցագործությանն առնչվող կարևոր մանրամասներ:
Նշենք, որ ավելի վաղ Ստամբուլի անվտանգության վարչությունը Դինքի սպանության գործի վերաբերյալ մի գրություն էր ուղարկել դատարան` «Հրանտ Դինքին ուղղված մահվան սպառնալիք չի եղել» բովանդակությամբ: