Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացումը Ժնևում ներկայացվել է որպես հայ մտավոր սեփականության ոչնչացման փաստ
Ժնևում հունվարի 13-ին տեղի ունեցած Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (World Intellectual Property Organization - WIPO) կողմից կազմակերպված «Մտավոր սեփականության տնտեսություն» թեմայով գիտաժողովների շարքի հերթական հանդիպման ժամանակ հայկական կողմը ներկայացրել է Հին Ջուղայի ոչնչացման փաստը:
Ինչպես տեղեկացնում են Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի լրատվական ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են շուրջ 40 երկրների, այդ թվում` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, ինչպես նաև մի շարք աֆրիկյան և արաբական երկրների կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայաստանն այնտեղ ներկայացրել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Սասուն Հովհաննիսյանը:
WIPO կազմակերպության գլխավոր տնտեսագետ Կարստեն Ֆինկի բացման խոսքից հետո զեկույցով հանդես է եկել Օքսֆորդի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Քրիստին Գրինհալխը, որին հաջորդել են գիտաժողովի մասնակիցների ելույթներն ու հարցերը:
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Սասուն Հովհաննիսյանն իր ելույթի սկզբում անդրադարձել է Հայաստանում մտավոր սեփականության ոլորտում իրականացված բարեփոխումներին` ընդգծելով միջազգային փորձի ներդրման զարգացման անհրաժեշտությունը:
Ըստ աղբյուրի, Հովհաննիսյանի ելույթի մեծ մասը վերաբերել է Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման` որպես հայ մտավոր սեփականության ոչնչացման փաստին:
«2005-ի դեկտեմբերին ադրբեջանցիների կողմից պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետևանքով վերջնականապես ոչնչացվեցին Նախիջևանի Հին Ջուղայի գերեզմանոցի ավելի քան 5000 խաչքարեր` հայ բարձրարվեստ մշակույթի ինքնատիպ կոթողները, հայ ազգի մտավոր սեփականությունը», նշել է Սասուն Հովհաննիսյանը, ավելացնելով, որ փաստին քաղաքակիրթ մարդկությունը դեռ իր գնահատականը չի տվել:
«Ցավալի է, որ նավթադոլլարների շահերն են փոշիացնում մշակութային հարստությունը», -հավելել է նա,
կոչ անելով «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը» և ներկա պատվիարկներին` իրավական գնահատական տալ Ադրբեջանից կողմից իրականացված մշակութային տեռորիզմին: