Նոր ֆորմատի ֆիլմեր` Ղարաբաղյան դեպքերի մասին
«Նավիգատոր» և «Բաղինյան» ստուդիան ներկայացնում են Ղարաբաղյան իրականությանը նվիրված նոր ֆորմատի, վավերագրական ֆիլմերի մի նոր շարք:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, նոր ֆորմատի ֆիլմերը նախատեսված են և համացանցի, և հեռուստատեսության համար: «Ինչ է նշանակում նոր ֆորմատը. սրանք կոչվում են կադրեր ֆիլմից, փոքր սյուժեներ են, բայց ամփոփ են, տևողությամբ շատ կարճ են, մատչելի: Այս սյուժեները բացահայտում են մեր հաղթանակի կոդը»,-ասաց նա:
Ռեժիսորը նշեց, որ այդ ֆիլմերը կարելի է օգտագործել քարոզչական պայքարում: Օրինակ`այսօր լրագրողներին ներկայացրած 3 սյուժեներից մեկը, ինչպես ռեժիսորն ասաց, պատմում է Սումգայիթի մասին, մյուսը` Հադրութի Տողի, թե ինչպես է պատերազմը հենց այնտեղից սկսվել և երրորդը` Մարաղայի դեպքերի մասին:
Ասուլիսին ներկա քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը այդ ֆիլմերի կարևորությունը շատ բարձր գնահատեց: Նա նշեց, որ իրենք էլ են փորձեր կատարել «դելետանտ ձևով», մեծ ֆիլմերից հատվածներ առանձնացնել ու համացանցում տեղադրել, սակայն հիմա այդ հնարավորությունը կա պրոֆեսիոնալ ձևով անելու: Լ. Մելիք-Շահնազարյանի խոսքով, հայկական կողմը զիջած դիրքեր շատ ունի ու ինչ-որ մի նոր բան հարկավոր էր: Քաղաքագետը նույնպես նշեց, որ դրանք քարոզչական առումով մեծ նշանակություն ունեն: «Ընդունենք և համարենք, որ սա գործի միայն սկիզբն է ու պետք է շարունակություն լինի: Մենք Հարությունյանի հետ համագործակցում ենք այս գործում»,-ասաց նա:
Ռեժիսորն իր հերթին ավելացրեց, որ ինքը միշտ ցանկություն է ունեցել Ղարաբաղի մասին եղած իրողությունը, հայկական կողմի տեսակետը հասցնել ողջ աշխարհին: Նախ, ըստ նրա, հարկավոր է հայ ազգն ինքն իրեն լավ ճանաչի ու այնպես անի, որ թշնամին էլ ճանաչի իրեն:
Նշենք, որ ֆիլմը երկլեզու է, «հերոսները», ականատեսներն ու պատերազմին մասնակցած մարդիկ, ովքեր ներկայացնում են իրողությունները, խոսում են հայերեն ու ռուսերեն: Նպատակ կա ֆիլմը թարգմանել անգլերեն և շուտով այն կտեղադրվի համացանցում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին