Շիրակ Թորոսյան. Freedom House-ի գնահատականները երկակի ստանդարտներով են ներկայացված
«Ժամանակ» թերթը ներկայացնում է հարցազրույց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ, ով անդրադառնալով ամերիկյան Freedom House ոչ կառավարական կազմակերպության կողմից Ղարաբաղը ոչ ազատ երկրների շարքին դասելու վերաբերյալ ներկայացրած տվյալներին` մասնավորապես նկատել է.«Ես հարգում եմ արևմտյան արժեքները և արևմտյան արժեքների նկատմամբ իմ հարգանքն էլ պայմանավորված է նրանով, որ այդ արժեքների հիմքում ժողովրդավարությունն է, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը: Բայց միևնույն ժամանակ հակված չեմ ամբողջովին մեծ կախման մեջ դնել իրենց գնահատականը: Գիտեք ինչո՞ւ, շատ հաճախ Արևմուտքի գնահատականները երկակի ստանդարտներով են ներկայացված:
Օրինակ` ես բազմիցս փաստերով ու ապացույցներով հայտարարել եմ, որ Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները կոպտորեն ոտնահարվում են: Բայց նույն Freedom House-ը, նույն արևմտյան տարբեր գնահատող կառույցները, կազմակերպութունները, իրավապաշտպան հաստատությունները անընդհատ խուսափում են տալ համարժեք գնահատական Վրաստանի իշխանությունների ազգային փոքրամասնությունների, տվյալ դեպքում հակահայ քաղաքականությանը»: