Ամերիկահայ բժիշկ-գիտնական Ջեք Գևորգյանին մարմնավորող Ալ Պաչինոն արժանացել է «Ոսկե գլոբուսի»
Հայտնի ամերիկացի դերասան Ալ Պաչինոն արժանացել է «Ոսկե գլոբուսի»` ամերիկացի ռեժիսոր Բարրի Լևինսոնի «Դուք չգիտեք Ջեքին» սոցիալական դրամայում մարմնավորելով ամերիկահայ բժիշկ-գիտնական Ջեք Գևորգյանին, ով աշխարհին ավելի շուտ հայտնի է որպես «դոկտոր Մահ». 1989թ. նա մշակել է «ինքնասպանության մեքենան» (մերսիտրոն)` թունավոր դեղամիջոցների մահացու չափաքանակ է ներարկում այն հիվանդների արյան համար, որոնք չեն կարողանում ինքնասպան լինել այլ մեթոդներով:
1990-1998թթ. մերսիտրոնով նա օգնել է կյանքից հեռանալ ավելի քան 130 հիվանդի: Ինքնասպանների մարմինները նա թողնում էր հյուրանոցներում, հիվանդանոցների ընդունարաններում և դիարաններում: 1999 թվականի Ջեք Գևորգյանը մեղադրվել է երկրորդ աստիճանի ուղղակի սպանության մեջ, երբ իրավապահ մարմինների ձեռքն է ընկել 52-ամյա Թոմաս Յորքի ինքնասպանության տեսագրությունը: Դատարանի վճռով Գևորգյանը 10-25 տարվա ազատազրկման է դատապարտվել: 2007 թվականի հունիսին Միչիգան նահանգի համաներման խորհուրդը որոշել է ազատ արձակել 79-ամյա բժշկին` վատթարացող առողջության, ինչպես նաև` «նա այլևս չի կարող սպառնալիք ներկայացնել հանրության համար» պատճառով:
«Դուք չգիտեք Ջեքին» ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա: «Ինձ շատ դժվար է մարմանավորել իրական, այլ ոչ թե հորինված կերպարի»,- ասել է Ալ Պաչինոն` այս գիշեր Լոս Անջելեսում տեղի ունեցած «Ոսկե գլոբուս» 68-րդ կինոմրցանակաբաշխության ժամանակ մրցանակը ստանալիս:
Նշենք, որ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը ստեղծվել է 1944 թ: Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի կողմից: Ասոցիացիան միավորում է Կալիֆոռնիայում բնակվող 100 լրագրողների, ովքեր գրում են ամերիկյան կինոարտադրության մասին արտասահմանյան մամուլի համար:
Դրամատիկ ժանրում լավագույն ֆիլմ է ճանաչվել ամերիկացի ռեժիսոր Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմ: Այս ֆիլմն ընդհանուր առմամբ արժանացել է 4 մրցանակի` «Լավագույն սցենար», «Լավագույն սաունտրեկ» անվանակարգերում, ինչպես նաև ռեժիսորը նույնպես արժանացել է «Ոսկե գլոբուսի»:
Լավագույն կատակերգական ֆիլմ է ճանաչվել «Երեխաները կարգին են» ֆիլմը:
Լավագույն դերասանուհիներ են ճանաչվել Նատալի Փորտմանը (դրամատիկ ժանրում) և Աննա Բենինգը (կատակերգության ժանրում): Լավագույն դրամատիկ դերասան է ճանաչվել Քոլին Ֆերտը, իսկ լավագույն կատակերգու դերասան` Պոլ Ջիամատտին:
Ռուս ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Երկրամաս» ֆիլմը «Լավագույն արտասահմանյան» ֆիլմ անվանակարգում զիջել է «Խաղալիքների պատմություն. մեծ փախուստ» մուլտֆիլմին:
Կինոյի հայտնի վարպետ Ռոբերտ Դե Նիրոն արժանացել է «Ոսկե գլոբուս» պատվավոր մրցանակի` կինոարդյունաբերության մեջ ծանրակշիռ ներդրման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները