Գրիգոլ Վաշաձե. Վրաստանը կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ իր դիտարկումներով կիսվել է ադրբեջանական «Անս Պրես» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նրա խոսքերով, Վրաստանը ակտիվ դերակատարություն ունի Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկխոսության մեջ, քանի որ կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Հարավային Կովկասում միասնության կարիք ունենք, պետք է մտածել տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման ու եվրոպական կառույցների ինտեգրվելու մասին: Ես նույնիսկ կարող եմ խոսել վրաց ժողովրդի անունից, որ մենք հույս ունենք, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ որևէ այլ միջազգային կազմակերպության միջնորդությամբ հակամարտությունը կստանա իր լուծումը», - ասել է Վաշաձեն, հավելելով, թե Վրաստանը միշտ պատրաստ է գործընթացում իր դերակատարությունն ունենալու:
«Ցանկանում ենք, որպեսզի Հարավային Կովկասի երեք երկրներն էլ ներգրավվեն փոխշահավետ նախագծերում, որպեսզի տարածաշրջանը դառնա խաղաղության ու համագործակցության գոտի: Ճիշտն ասած, երեք երկրներն էլ շատ ժամանակ են կորցրել ու պետք է նայենք իրականությանն ու ընդունել, որ հակամարտութունը պետք է լուծվի միջազգային իրավական սկզբունքների շրջանակներում», - ասել է Վրաստանի արտգործնախարարը: