«Մանկական Եվրատեսիլ-2011»-ն անցկացվելու է Հայաստանում
Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Երևանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
«Երկարատև բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությանը հաջողվեց այս կարևոր իրադարձությունը բերել Հայաստան»,- ասաց նա:
Հանրային հեռսուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը նշեց, որ մրցույթի պրոդյուսերը շվեդ է, մասնակցելու են համաշխարհային մեծության աստղեր: Նա ասաց, որ մրցույթի համար անհրաժեշտ գումարների մի մասը կտրամադրի Եվրոպական միջազգային հեռարձակողների միությունը, իսկ մյուս մասը տեղում կհայթայթվեն: «Միջոցները բավարար կլինեն, որ շքեղ շուո կազմակերպենք, որը չի զիջի նախորդ տարիներին կազմակերպված շուոներին»,- ասաց Ալ. Հարությունյանը: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանն էլ ասաց, որ ամեն ինչ անելու են չզիջեն վերջին երկու մրցույթներին, որոնք շատ շքեղ են եղել:
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ:
Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007թ-ին. «Արևիկ» մանկապատանեկան համույթի սաները հանդես եկան «Երազանք» երգով` զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: 2008թ-ին Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, իսկ նախորդ տարի Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով զբաղեցրեց կրկին 2-րդ հորիզոնականը: Իսկ ահա «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները