Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնություն
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն (ԻՏՁՄ) առաջին անգամ Հայաստանում նախաձեռնում է Համակարգչային Խաղերի Նախագծման Հայաստանի Բաց Առաջնությունը, որը կմեկնարկի 2011 թվականին: Առաջնության նպատակն է բացահայտել նոր տաղանդներ, զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը:
Առաջնությունն անց է կացվելու 2 փուլով և ունենալու է 6 անվանակարգ` սցենար, կերպարի դիզայն, գրաֆիկական դիզայն, անիմացիա, նորարարություն, կերպարի տեխնիական հնարավորություններ և լավագույն խաղ:
Հաղթողներին կտրվեն դրամական պարգևներ, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի լավագույն ՏՏ ընկերություններում մասնակցել տարբեր ծրագրերի և նախագծերի իրականացմանը, մասնակցել մասնագիտական դասընթացների:
Մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Ցանկացողները կարող են մասնակցել նախապես ձևավորված թիմով կամ որպես անհատ: Խաղերի նախագծման համար նախապայմաններ, սահմանափակումներ չկան, մասնակիցը կարող է նախագծել ինտերնետի, համակարգչի կամ բջջային հեռախոսների համար նախատեսված խաղեր, ինչպես նաև ընտրել խաղերի նախագծման համար իրեն հարմար ծրագրավորման լեզուն:
Ցանկացողները գրանցման հայտ կարող են ներկայացնել հունվարի 17-ից փետրվարի 18-ը: Մրցույթի եզրափակիչ նախատեսվում է անցկացնել մարտ-ապրիլ ամիսներին: