New York Times. «Ազգայնականության զազրելի դիմագիծը»
Բաքվում իրականացված Հայոց ցեղասպանության օրերին` հունվարի 19-ին, New York Times-ում հրապարակվել է մի հոդված` բավականին խոսուն վերնագրով` «Ազգայնականության զազրելի դիմագիծը», որից մի քանի հատված ներկայացնում ենք ձեր դատին: Նշենք, որ հոդվածում հունվարի 13-19-ի իրադարձությունների, ինչպես նաև հունվարի 20-ին խորհրդային բանակի մուտքի նկարագրությունն ու բնութագրումն է, որը Բաքվում երեսպաշտորեն ներկայացվում է որպես «անկախության համար պայքարի ողբերգություն»: Կարծում ենք` հրապարակման մեջ նշված գնահատականներն ու տվյալներն այսօր էլ շատ արդիական են:
New York Times, 19 հունվար, 1990 թ.
Ադրբեջանը Լիտվան չէ: Ճիշտ է, սկիզբ առնող ազգայնականությունը ոտքի հանեց կովկասյան ժողովուրդներին, այնպես, ինչպես Մերձբալթյան պետություններում, սակայն զուգահեռներն այստեղ ավարտվում է և սկսվում են Մոսկվայի խնդիրները:
Լիտվայի ազգայնականները Մոսկվայից անկախանալու համար կիրառում են ոչ թե բռնության, այլ քաղաքական միջոցներ: Ադրբեջանի ազգայնականները ևս խոսում են անկախության մասին, սակայն նրանց ընդվզումն ուղեկցվում է իրենց հարևանների` հայերի արյունալի ջարդերով: Ադրբեջանի ազգայնականները չսահմանափակեցին իրենց գործողությունները միայն Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Նրանք հատեցին Իրանի հետ սահմանը `պատճառաբանելով, որ իրենց ազգակիցներն են բնակվում այնտեղ:
Միխայիլ Գորբոչովը կարծես թե պատրաստվում է համաձայնության գալ Լիտվայի ազգայնականների հետ: Սակայն ադրբեջանական ազգայնականների դաժանությունը նրան այլ ելք չթողեց, և նա զորքերը երկիր մտցրեց:
(…) Բաքվում այս շաբաթ քրիստոնյա հայերի կոտորածը մուսուլման ադրբեջանցիների կողմից բացահայտեց ազգայնականության զազրելի դիմագիծը: Կուտակված կրոնական ատելությունը դուրս թափվեց 2 տարի առաջ Սումգայիթում, որտեղ մոլեգնած ադրբեջանական զինված ամբոխը սպանել էր 32 մարդ, որոնց մեծ մասը հայեր էին: 1988 թվականին 25.000 հայի կյանք խլած երկրաշարժից հետո ադրբեջանցիները փակեցին դեպի Հայաստան տանող երկաթուղին` խոչընդոտելով մարդասիրական օգնության մուտքն այդ երկիր: Այժմ հակառակորդները պայքարում են 1923 թվականին Ստալինի կողմից Ադրբեջանին միակցված հայկական անկլավի` Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար: