Թուրքիայում սկսել են պատառոտել Աթաթուրքի մեծադիր պաստառները
Իզմիրի Համերաշխության մշակութային միության առջև փակցված Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի մեծադիր պաստառն անհայտ անձնանց կողմից կտրատվել ու պատառոտվել է:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Վաթան» (Vatan) օրաթերթը:
Սա համարվում է մեծ անարգանք թուրքական պետության նկատմամբ: Ի դեպ` Աթաթուրքի հիշատակը նսեմացնող այդպիսի անկարգությունները վերջին շրջանում հաճախադեպ են դարձել Թուրքիայում: Անցած տարի օգոստոսի 30-ին ևս արձանագրվել էր նման մի դեպք:
«Այս արարքը ոչ այլ ինչ է, եթե ոչ զազրելի հարձակում Թուրքիայի Հանրապետության և Աթաթուրքի դեմ: Փակցված պաստառն իսկապես շատ արժեքավոր էր: Ցավոք, ականատեսներ չեն եղել»,- ասել է նշված միության փոխնախագահ Սերհաթ Օզը:
Դեպքի առնչությամբ սկսվել է նախաքննություն, հանցագործների որոնման աշխատանքները շարունակվում են: