Նոր նախագիծ՝ IT to Business գործնական հանդիպումների շարք
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ձեռնարկում է նոր նախագիծ՝ IT to Business, որի շրջանակներում յուրաքանչյուր ամիս անցկացվելու է առաջադեմ ՏՀՏ ընկերությունների և համապատասխան ոլորտի շահագրգիռ բիզնես ձեռնարկությունների թեմատիկ հանդիպում, որի ընթացքում ՏՀՏ ընկերությունները կներկայացնեն իրենց գործնական լուծումները:
Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Տարվա կտրվածքով կկազմակերպվի մոտ 10 հանդիպում: Յուրաքանչյուր հանդիպում նվիրված կլինի տնտեսության որոշակի ոլորտի, օրինակ՝ շինարարություն, բժշկություն, հանքաարդյունաբերություն, ոսկերչություն, առևտուր
ապահովագրություն, սննդային և ոչ սննդային արդյունաբերություն, հեռահաղորդակցություն, տպագրական գործ և այլն»,- նշեց Կարեն Վարդանյանը:
Նրա փոխանցմամբ, IT to Business-ին կհաջորդի DigiTec Business 4-րդ ամենամյա ցուցահանդես-ֆորումը, որտեղ ներկայացվում են ՏՀՏ լուծումներ բիզնեսի հաջող կառավարման, բիզնես պրոցեսների ավտոմատացման և ընդհանրապես բիզնեսի առօրյա խնդիրների լուծման համար: Ակնկալվում է, որ 2011թ.-ին ֆորումը կունենա շուրջ 40 ցուցադրվող ընկերություն և 1800-2000 այցելու:
Ֆորումը կանցկացվի հունիսի 17-18-ը: