ՀՀ նախագահի պետական այցերի լուսաբանումը թուրքական մամուլում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Կիպրոս, ապա նաև Հունաստան կատարած պետական այցերը դուրս չէր մնացել թուրքական ցանցային լրատվամիջոցների ուշադրության օրակարգից (Cumhuriyet, Hurriyet, Sabah, Radikal, Vatan, CnnTurk, Zaman, Haber): Առանձնահատուկ օպերատիվություն ու ակտիվություն էր դրսևորում Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, որի հրապարակած տեղեկություններն արագորեն տարածվում էին այլ լրատվական կայքերում: Հայաստանի նախագահի կիպրոսյան և հունաստանյան հանդիպումների թեմայով թուրքական լրահոսն անշեղորեն ներկայացնում էր Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները` ուղղակի և անուղղակի մեջբերմամբ:
Կիպրոսից, ապա նաև Հունաստանից ստացվող տեղեկությունների իսկությունը պահպանելով հանդերձ` թուրքական լրատվամիջոցներն, այնուամենայնիվ, զերծ չեն մնացել մատուցվող նյութին միջամտելուց: Առաջատար լրատվամիջոցները, օգտվելով վերնագրային քաղաքականության հնարավորությունից, արտահայտել են իրենց վերաբերմունքը կամ կամ ենթատեքստային մեկնաբանությունը կատարվածի մասին:
Այսպես` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր կիպրոսյան ելույթներով թուրքական լրատվամիջոցներում ընկալվել ու լսարանին է մատուցվել իբրև Թուրքիային հանդիմանող, խրատող, քննադատող և սպառնացող պետական գործիչ:
.«Սարգսյանը Կիպրոսից քննադատում է Թուրքիային» /Hurriyet/
.«Երևանից մի խրատ Անկարային` եվրաինտեգրման ճանապարհին» /CnnTurk/
.«Սարգսյանի ուղերձը (մեսիջ) Թուրքիային«» /Bugun/
.«Սերժ Սարգսյան. Առանց մեզ հետ հաշտվելու տեղ չեք ունենա ԵՄ-ում» /Radikal/
.«Հայերն ու կիպրացի հույները միավորվում են Թուրքիայի դեմ և այդ միասնականությունն ամրապնդում են պայմանագրերով» /Habepan/
Հիմնվելով 17.01.2011-ի թուրքական էլեկտրոնային մամուլի հրապարակումների վրա` կարող ենք հստակ առանձնացնել թեմային առնչվող լուսաբանումների հետևյալ շեշտադրումները, որոնց վրա էլ հրավիրվել է թուրքական լսարանի ուշադրությունը:
1. Հայաստանի նախագահը հայտարարեց, որ Թուրքիան առանց իր անցյալի հետ հաշտվելու ու հարևանների հետ կառուցողական հարաբերություններ զարգացնելու չի կարողանա ԵՄ անդամ դառնալ:
2. Կիպրոսը վերահաստատել է ղարաբաղյան հարցում Հայաստանին աջակցելու իր հաստատակամությունը:
3. Հայկական կողմն էլ իր աջակցությունն է հայտնել կիպրացի հույներին Կիպրոսի հիմնախնդրի լուծման գործում:
Իսկ ՀՀ նախագահի` Հունաստան կատարած այցը լուսաբանող թուրքական ԶԼՄ-ների թողարկած լուրերն աչքի են ընկնում վերնագրային հետևյալ շեշտադրումներով:
.«Ծանր խոսքեր` ուղղված Թուրքիային» /Vatan/
.«Պապուլիասի աջակցությունը 1915-ի դեպքերին» /Zaman/
.«Պապուլիաս. Երկուսիս էլ կոտորել է միևնույն բարբարոսը» /Hurriyet/
Թուրքական մամուլում հրապարակված թեմային առնչակից նյութերը բովանդակության առումով եղել են բացառապես լուրի ժանրում: Սակայն նկատելիորեն ընդգծվել են հատկապես հետևյալ իրողությունները:
1. Հունաստանի նախագահի դիտարկումը, համաձայն որի, հայերին ու հույներին կոտորել է միևնույն բարբարոսը:
2. Հայաստանի նախագահի հայտարարությունը Թուրքիայի` ԵՄ չափանիշներին համապատասխան լինելու անհրաժեշտության մասին:
3. 1915-ի վերաբերյալ հայկական տեսակետի պաշտպանությունը Հունաստանի կողմից:
Այսպիսով Հայաստանի նախագահի հանդիպումը հույն առաջնորդների հետ ու մի շարք պայմանագրերի ստորագրումը թուրք հանրությանը ներկայացվեց որպես ահազանգ պարունակող «մեսիջ», ըստ որի, հայերն ու հույները, այդ թվում և կիպրացի հույները, ամրապնդում են իրենց քաղաքական դաշինքն Անկարայի դեմ ու ավելի մեծ հնչեղություն հաղորդում եվրաինտեգրման չափանիշներին Թուրքիայի անհամապատասխանությանը: