Ա. Աբրահամյան. «Էլեկտրոնային առևտուրը կդառնա անխուսափելի երևույթ»
էլեկտրոնային գրագիտության ցածր մակարդակ, ինտերնետի որակ և վճարային քարտերի տարածվածության խնդիր: USAID/CAPS ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանի կարծիքով, սրանք այն հիմնական խոչընդոտներն են, որոնք խանգարում են Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացմանը:
«Կարծում եմ, որ այս ամենը ժամանակի և միջոցների խնդիր է: Անկախ ամեն ինչից այս հարցերը կստանան իրենց լուծումները, քանի որ արդեն 3 կամ 4 տարի հետո էլեկտրոնային առևտուրը կդառնա անխուսափելի երևույթ: Այն խանութները, տուրիստական կազմակերպությունները, բանկերը, որոնք չեն օգտվի արդիական լուծումներից և տեխնոլոգիական նոր ապրանքների և ծառայությունների ներդրումից, չեն կարողանա մրցունակ լինել և պարզապես կդադարացնեն իրենց գործունեությունը»,- Panorama.am- ի թղթակցի հետ զրույցում նշեց Արմեն Աբրահամյանը:
Նրա կարծիքով, Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացումը կնպաստի նաև էլեկտրոնային գովազդի տարածմանը:
USAID/CAPS ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը նշում է, որ խնդիրներ կան նաև էլեկտրոնային կառավարման բնագավառում, քանի որ պետական համակարգը դեռևս դիմադրում է:
«Էլեկտրոնային կառավարումը, մեզ մոտ ցավոք սրտի, կառավարության մակարդակով փաստաթղթաշրջանառությունից և մի քանի այլ ծառայություններից այն կողմ չի գնում: Պետական համակարգի դիմադրությունն ինչ որ տեղ նաև օբյեկտիվ մոտեցում է, քանի որ, երբ փորձում ես համակարգում նոր խոսք և մեթոդաբանություն ներդնել, համակարգի տրամաբանությունը սկսում է դիմադրել: Սակայն պետք է գիտակցել, որ արդյունք ստանալու համար պետք է հնարավորինս արագ հաղթահարել այդ դիմադրությունը: ժամանակին համընթաց քայլելն այսօր անհրաժեշտություն է»,- ասում է Արմեն Աբրահամյանը:
Նրա փոխանցմամբ, պետական կառույցների հետ համատեղ ՏՏ ոլորտի մասնագետներն ու կազմակերպություններն այս հարցում մեծ աշխատանք ունեն անելու, և որքան արագ, այնքան լավ:
Ի դեպ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն այս ուղղությամբ քայլեր արդեն ձեռնարկում է: ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Panorama.am- ին տեղեկացրեց, որ այս տարի իրենց կառույցը պատրաստվում է կազմել և կառավարությանը ներկայացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթ` էլեկտրոնային առևտրով գործունեության ապահովման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան