«Աշխարհը պետք է իմանա, «շահիդների» պուրակում թաղված են մարդասապանները, հայերին ոչնչացնողները»
Ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին, որ այսօր նամակ են ուղղարկելու բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնց հետ Հայաստանը ունի դիվանագիտական կապեր` կոչ անելով Ադրբեջանում գտնվելու ժամանակ չայցելել «շահիդների» պուրակ:
«Աշխարհը պետք է իմանա, որ «շահիդների» պուրակում թաղված են ոչ թե Ադրբեջանի անկախության և ազատության համար զոհվածները, այլ 1990 թվականի հունվարին հայերին զանգվածաբար սպանողները: Տարիներ շարունակ կեղծարարությամբ զբաղվելով՝ Ադրբեջանն ուզում է աշխարհին ապացուցել, որ ինքն անմեղ է»,-ասաց Ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Մարիամ Ավագյանը:
Նույն կոչով նամակ են ուղղարկելու նաև ՌԴ պետական դումայի պատգամավորներին:
«Հուսով ենք, որ դիմումը հիմք կդառնա վերջ դնելու աշխարհի երկրների մասնակցությունը` Բաքվի ռեժիմի այս կեղծարարությանը»,- հավելեց նա:
Ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Ռոման Գյուլբանդյանի խոսքով, Բաքվի կեղծարարության գագաթնակետն այն է, որ այս ամենի մասնակից են դարձնում համարյա բոլոր պետությունների ղեկավարներին. Ադրբեջանում գտնվելու ժամանակ արարողակարգի շրջանակներում երկրների ղեկավաներին տանում են «շահիդների» պուրակ` ծաղկեպսակ դնելու համար:
«Մենք աշխարհին պետք է ապացուցենք, որ «շահիդների» պուրակում թաղված են մարդասապանները, հայերին ոչնչացնողները: Մենք պետք է պայքարենք, որ վերջ դրվի «շահիդների» պուրակի մասին Բաքվի այդ միֆին»,- ասաց Ռոման Գյուլբանդյանը:
Նա նշեց, որ առանց ուսումնասիրելու, թե ովքեր են թաղված «շահիդների» գերեզմանատանը, տարբեր երկրների ղեկավարները չպետք է այցելեն այնտեղ: «Բաքվում 1990 թվականի հունվարի դեպքերը լավ հետաքննված և ուսումնասիրված չեն, այնինչ աշխարհը պետք է իմանա, որ այդ օրերին հայեր են ցեղասպանության ենթարկվել»,- ասաց նա:
Կազմկոմիտեի անդամները հայտնեցին, որ Ադրբեջանի կեղծարարությունների հետ կապված հետաքննություն են սկսել և պատրաստվում են Բաքվի կեղծարարությունների դեմ պայքարը հասցնել մինչև անգամ Հաագայի դատարան: «Մենք արդեն հավաքել են բազմաթիվ վկայագրեր ու փաստաթղթեր, այժմ էլ շարունակելու ենք այդ գործընթացը»,- ասաց Ռոման Գյուլբանդյանը: