Արենիում հայտնաբերված հնավայրը արտառոց է իր օրգանական մնացորդների պահպանվածության աստիճանով
«Վստահաբար կարող ենք հայտարարել, որ 99% հավանականությամբ մեր պեղած կառույցները Արենիիում խոսում են գինու արտադրության հնագույն փաստերի մասին»,- այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը` անդրադառնալով Վայոց ձորի մարզի Արենի գյուղում հայտնաբերված աշխարհի ամենահին գինեգործարանին:
Նրա խոսքերով, հուշարձանի պեղման աշխատանքները սկսվել են դեռևս 2007թ.-ից` հայ-իռլանդական-ամերիկյան համատեղ արշավախմբի կողմից: Արենիում աշխատանքները դեռ նոր էին սկսվել, երբ մի քանի օր հետո բացվել էր հնավայրի կառույցը: Առաջին դիտարկումները հուշում էին, որ հողի տակ գտնվում են կավակերտ կերտվածքներ, կառույցներ, որոնք ամենայն հավանականությամբ պետք է շաղկապել գինեգործության կամ խաղողագործության հետ: «Այդ կավակերտ կառույցի հարևանությամբ բացվել էին անոթներ, դրանց շուրջ խաղողի ողկույզի մնացորդներ, վազի շիվեր և կորիզների հսկայական քանակություն: Արտառոցն այն էր, որ կառույցի շուրջ արտադրական ծավալների խաղողի մնացորդներ հայտնաբերվեցին: Առաջին վարկածն այնն էր, որ այդ կառույցները խաղող մշակելու համար են արված»,- ասաց Պ. Ավետիսյանը:
Ըստ նրա, հետազոտությունների և փորձաքննության աշխատանքները դեռ շարունակվում են, նորանոր տվյալներ կստացվեն, որպեսզի 100%-ով համոզված լինել, որ գործ ունեն գինու արտադրության հետ: «Դա առաջին հերիթն ԴՆԹ անալիզներն են, որոնց արդյունքները պարզ կլինեն այս տարի»,- նշեց նա` հավելելով, որ փորձաքննությունն իրականացվում է Կոպենհագենի լաբորատորիաներից մեկում:
Պ.Ավետիսյանն անդրադառնալով պեղումներին` նկատեց, որ հնավայրը արտառոց է իր օրգանական մնացորդների պահպանվածության աստիճանով, այդպիսի հնավայրեր աշխարհում եզակի են հանդիպում: Ըստ նրա, այն տվյալները, որ այսօր կան, թույլ են տալիս ավելին իմանալ Քրիստոսից առաջ 5-րդ հազարամյակի վերջի և 4-րդ հզ. առաջին կեսի հնագույն հասարակությունների մասին:
Արենիի քարայրի հետազոտման արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բորիս Գասպարյանի խոսքերով, վայրի խաղողից արտադրական ծավալի գինի ստանալ հնարավոր չէ, այսինքն` դա նշանակում է, որ գործ ունենք զարգացած հասարակության հետ: «Կոպենհագենի լաբորատորիայից ստացված ԴՆԹ տվյալները համեմատելով տեղում աճող ավանդական տեսակների, այսինքն` արենի խաղողի տեսակի հետ` կտեսնենք, թե ժամանակի մեջ այդ տեսակը որքանով է պահպանվել, հիբրիդացվել»,- ասաց Բ.Գսապարյանը:
Նա միաժամանակ նշեց, որ այս պեղումները կարժեվորվեն և մեծ արձագանք կունենան համաշխարհային մամուլում, քանի որ խաղողագործության ակունքները դեռևս համաշխարհային տեսանկյունից էլ այնքան ուսումնասիրված չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան