Ա. Աշոտյան. Մեր տարածաշրջանի ապագան գիտելիքի առողջ մրցակցության մեջ է
Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում այսօր տեղի է ունեցել հայ-վրացական դպրոցականների առաջին օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը: Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ օլիմպիադայի կազմակերպման գաղափարը պատկանում է երկու երկրների ղեկավարներին, ովքեր ցանկություն են ունեցել խորացնել հարաբերությունները ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլ նաև հումանիտար համագործակցության ոլորտում, մասնավորապես ստեղծելով հնարավորություններ մեր երկու երկրների երիտասարդ սերունդների համար` սկսած այս տարիքից ծանոթանալ, շփվել, աշխատել, ապրել առողջ մրցապայքարում, փորձելով հարթել ճանապարհը դեպի ճշմարտություն:
«Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում պետություններից մեկը փորձում է այլ պետություններին թելադրել սպառազինությունների մրցավազք, սակայն վստահ ենք, որ մեր տարածաշրջանի ապագան ոչ թե սպառազինությունների մրցավազքի մեջ է, այլ գիտելիքի առողջ մրցակցության»,- նշել է նախարարը և հավելել. «Պատահական չէ, որ օլիմպիադայի մեկնարկը համընկել է նաև Վրաստանի nախագահ Մ. Սահակաշվիլու Հայաստան պաշտոնական այցին, սա նույնպես խորհրդանշական է, որ երկու երկրների նախագահների մտերմությունը, հարաբերությունները, բարեկամությունը փոխանցվում է նաև երիտասարդ սերնդին»:
Նախարարը նաև ընդգծել է, որ օլիմպիադան կլինի շարունակական և երկու երկրները հաջորդաբար կհյուրընկալեն մասնակիցներին` ընդլայնելով նաև առարկաների ցանկը:
Վրաստանի պատվիրակության ղեկավար Ալուդա Գոգլիուչիձեն, ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին, նշել է, որ այս մրցույթը լուրջ հիմքեր է ստեղծում երկու երկրների աշակերտների միջև շփումների և բարեկամության խորացման համար: Նա վստահություն է հայտնել, որ օլիմպիադան շարունակական բնույթ է ունենալու:
Հայ-վրացական դպրոցականների առաջին օլիմպիադան անց է կացվում «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներից: Յուրաքանչյուր երկրից օլիմպիադային մասնակցում են 30-ական աշակերտ, յուրաքանչյուր առարկայից տասական աշակերտ: Հայկական թիմում հանդես են գալիս ՀՀ տարբեր մարզերի աշակերտներ, իսկ վրացական թիմում ընդգրկված են նաև Վրաստանում ապրող, ազգությամբ հայ աշակերտներ:
Օլիմպիադայի կազմակերպմանն աջակցում են ԵՊՀ-ն, «Սինոփսիս» ընկերությունը և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը:
ԿԳՆ հաղորդմամբ, հունվարի 22-ին կհրապարակվեն օլիմպիադայի արդյունքները, և հաղթողները կպարգևատրվեն մեդալներով և պատվոգրերով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան