Թուրքիայի խորհրդարանի նախագահը Կանադայում խոսել է Հայոց ցեղասպանության մասին
Թուրքական «CNNTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (TBMM) նախագահ Մեհմեթ Ալի Շահինը Կանադա կատարած այցի շրջանականերում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի հետ: Հանդիպման ժամանակ թուրք գործիչը անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային` ասելով. «Ալլահը մարդկանց ստեղծելիս աչքերն առջևում է դրել, որպեսզի նրանք առաջ նայեն, իսկ անցյալի հաշիվները հարկավոր է թողնել պատմաբաններին: Մենք մեր հարաբերությունները զարգացնելու համար առաջ պետք է նայենք»:
Հիշեցնելով, որ աշխարհում Հայոց ցեղասպանությունը ճանաչած միակ կառավարությունը Կանադայինն է, Թուրքիայի խորհրդարանի նախագահն նշել է. «Վերջին շրջանում Կանադայի վարչապետն այս հարցի շուրջ սկսել է մեղմ արտահայտվել: Մենք դա գնահատում ենք որպես դեպի ճիշտ ճանապարհը տանող քայլ: Մեր ցանկությունն այն է, որ ապրիլ ամսին նոր խնդիրներ չառաջանան: Կողմնակից ենք, որ 1915-ի իրադարձությունները գիտականորեն ու անկողմնակալ ձևով ուսումնասիրվեն»:
Շահինի մեկնաբանմամբ` 1915 թվականը հարյուրավոր տարիներ կողք-կողքի ապրած հայ և թուրք հասարակությունների հավաքական հիշողության բախումն է:
Կանադայի սենատի նախագահն էլ ի պատասխան ասել է. «Մարդն իհարկե կարող է փորձել միայն ու միայն հետ նայելով առաջ շարժվել, բայց այս դեպքում անհնար կլինի առաջ գնալ: Եթե նայենք համաշխարհային պատմությանը, ապա կնկատենք, որ մեկուսացված չենք ապրում, մեկս մյուսից անջատ չենք: Ուստի պետք է պատմությունից դասեր առնենք ու միմյանց վատություն չանենք»: