Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի ծրագիրը` ուղղված կրթության ոլորտին
Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի թիրախ ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը և զբոսաշրջությունը, որտեղ առկա է զարգացման մեծ ներուժ: ՀՀ կառավարությունում այսօր տեղի ունեցած հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստին հաջորդած ասուլիսում հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Նրա խոսքերով, հիմնադրամը իրականացնում է ծրագրեր, որոնց նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ տարբեր ոլորտների զարգացման համար:
Նշենք, որ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստը բացել է ՀՀ վարչապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո մասնակիցներին ներկայացվել է մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամ Ռաուլ դե Լուցենբերգերը, ով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարն է և դեսպանը: Այնուհետև քննարկվել են միջազգային տնտեսական միտումները, հիմնադրամի 2010թ.-ին արձանագրած արդյունքները, «Տաթևի վերածնունդ» ծրագրի արդյունքները, ինչպես նաև` 2011թ.-ի ծրագիրն ու բյուջեի առաջարկը:
Ըստ Բ.Փափազյանի, 2009թ.-ին շեշտը դրել են տուրիզմի ոլորտի զարգացման ու ծրագրերի իրականցման վրա, 2010թ.-ին` առողջապահության ոլորտի, իսկ 2011թ.-ին կազդարարվի կրթության ոլորտի ծրագրի մեկնարկը: «Եւ այս երեք ոլորտները զուգահեռ ընթացքի մեջ են լինելու»,- ասաց գործադիր տնօրենը:
Անդրադառնալով Տաթևի վերածնունդ ծրագրին, Բ.Փափազյանը նշեց, որ դա հիմնադրամի առաջնային ծրագրերից է, և ծրագրի շրջանակներում այս տարի շարունակվելու են 3 բաղադրիչները` զբոսաշրջություն, հարակից համայնքների վիճակի բարելավում և վանքի վերանորոգում: «Բայց դրանով չենք բավարարվում, և արդեն մեկնարկել է Հայաստանի զբոսաշրջության Հարավային միջանցքի ծրագիրը, որն իր մեջ ներառում է Արենիից մինչև Գորիս–Տաթև ընկած տարածքը»,- նշեց նա` հավելելով, որ ներկայումս ուսումնասիրվում են տուրիստական արժեքները, ապագա քայլերն ու ներդրումային ծրագրերը: Նա միաժամանակ նշեց, որ Արենի գյուղում հայտնաբերված աշխարհի ամենահին գինեգործարանը նույնպես զբոսաշրջության զարգացման համար լավ խթան կհանդիսանա:
Առողջապահության ոլորտում արդեն ակտիվ փուլում է գտնվում Ուռուցքաբանության կենտրոնի ծրագիրը: Ըստ Բ.Փափազյանի, պայմանագրերն արդեն ստորագրվել են, սարքավորումները ձեռք են բերվել, հաջորդ շաբաթ կհայտարարվի ճարտարապետական մրցույթ` համալիրին ճարտարապետական տեսք տալու համար, իսկ կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքերը կսկսվեն հաջորդ տարվա սկզբին:
Նշենք, որ Միջուկային բժշկության ծրագրով նախատեսվում է Երևանում հիմնել կառույց, որը կարտադրի ուռուցքային և սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ միջուկային իզոտոպեր:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան