Մ.Սարգսյան. «Արտգործնախարարների հանդիպումից մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ»
Հունվարի 24-ին Մոսկվայում, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ ու մասնակցությամբ, սպասվում է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Սակայն մինչ այդ հանդիպման վերաբերյալ կանխատեսումներով հանդես գալը, քաղաքագետ Մանվել Սարգսյանն անդրադարձավ հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտմանն ու հատկապես վերջին դեպքին. «Դեպքերը շատ ցավալի են, բայց բոլորին էլ հասկանալի է, որ դրանք Ադրբեջանի կողմից կիրառվում են իբրև բանակցային գործընթացի վրա ճնշման մեխանիզմ»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց նա:
Եվ, ավելացրեց, որքան էլ այդ դեպքերը չլինեն ցավալի, փաստ է, որ կողմերի դիրքորոշումներում դրանք փոփոխություններ չեն ներառում, և Ադրբեջանը շարունակում է ամեն գնով հաստատել այն թեզը, թե պատերազմը դեռ չի ավարտվել ու ցանկացած պահի կարող է վերսկսվել. «Եվ բանակցային գործընթացի վրա ազդելու միակ ձևը մնում է այդ հանգամանքը»:
Ինչ վերաբերում է բանակցություններին ու դրանց արդյունավետությանը, Մ.Սարգսյանն առաջին հերթին խորհուրդ տվեց ինքներս մեզ հարցնել, թե ի՞նչ ենք մենք սպասում բանակցություններից և ինչպե՞ս ենք պատկերացնում համաձայնություն Ադրբեջանի հետ, որն օրը տաս անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ երբեք չի համաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված որևէ առաջարկի և որ իր մասնակցությունը բանակցություններում բացառապես նրա համար է, որ դրանց միջոցով վերականգնվի իր տարածքային ամբողջականությունը.«Այս հարցը պետք է տանք ու փորձենք հասկանալ, որից հետո էլ պարզ կլինի` հնարավո՞ր է բանակցություններում Ադրբեջանի հետ որևէ համաձայնության գալ, թե ոչ»,- նշեց քաղաքագետը:
Այնպես որ արտգործնախարարների հանդիպումից, ըստ նրա, մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ::
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում