Մ. Սաակաշվիլի. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իմ մեծ բարեկամն է, լավ կոլեգան, իմ եղբայրը
«Սինոփսիս Արմենիա» ընկերությունում տեղի ունեցավ հայ-վրացական դպրոցականների առաջին օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու մասնակցությամբ: Հաղթողներին տրվեցին պատվոգրեր, իսկ լավագույններին` նոթբուքեր:
Հիշեցնենք, որ հայ-վրացական դպրոցականների առաջին օլիմպիադան անց էր կացվում «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներից: Յուրաքանչյուր երկրից օլիմպիադային մասնակցում է 30-ական աշակերտ, յուրաքանչյուր առարկայից տասական աշակերտ: Հայկական թիմում հանդես են գալիս ՀՀ տարբեր մարզերի աշակերտներ, իսկ վրացական թիմում ընդգրկված են նաև Վրաստանում ապրող, ազգությամբ հայ աշակերտներ:
Օլիմպիադայի կազմակերպմանն աջակցում են ԵՊՀ-ն, «Սինոփսիս» ընկերությունը և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը: Օլիմպիադայի կազմակերպման գաղափարը պատկանում է երկու երկրների ղեկավարներին
Մրցանակների հանձնման արարողությունից հետո նախագահ Սերժ Սարգսյանը նախ ասաց, որ նման դեպքերում գործում է օլիմպիական կարգախոսը` կարևորը մասնակցելն է, ոչ թե հաղթելը, ապա նշեց, որ հայ-վրացական բարեկամությունը իրենք չեն սկսել ու իրենցով չի ավարտվելու:
Պետք է մեր մասնակցությունը բերենք ու ջանքեր գործադրենք, որ այս թանկ ժառանգությունը փոխանցվի մեր զավակներին:
«Ի՞նչ հայ-վրացական բարեկամություն` առանց մրցակցության: Իհարկե, կատակով են ասում: Հազարամյակներ ապրելով իրար կողքի, մեր միջև թշնամանք չի եղել: Եթե մրցակցել ենք, մրցակցել ենք, թե ում գրականությունն է ավելի լավ, ում թատրոնը, ով է ավելի լավ ֆուտբոլ խաղում»,- ասաց ՀՀ նախագահը` վստահություն հայտնելով, որ այուհետև էլ կշարունակվի մրցակցությունը հենց այդ ոլորտներում:
Հայաստանի ղեկավարի խոսքով, Հայաստանում և Վրաստանում ցանկանում են ունենալ հասարակություն, որի առանցքը գիտելիք ունեցող մարդն է, ով կարողանում է արժանապատիվ ապրել: Նա բերեց Վրաստանի նախագահի օրինակը, ով 28 տարեկանում դոկտորի աստիճան է ստացել, իսկ 36 տարեկանում դարձել է երկրի նախագահ:
«Դա նշանակում է` եթե մարդ իր առջև նպատակ է դնում ու իրեն նվիրում այդ նպատակի իրագործմանը, հասնում է դրան: Վստահ եմ, որ դուք էլ ձեր առջև մեծ նպատակներ եք դնելու և հասնելու: Հորդորում եմ` այդ նպատակների մեջ մի փոքր տեղ էլ հայ-վրացական բարեկամությանը հատկացնել»,- օլիմպիադայի հաղթողներին դիմեց Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով, հայ-վրացական բարեկամությունը պետք է զարգացնել ու փոխանցել սերունդներին. «Մեր ժողովուրդները պետք է դրանից օգուտ քաղեն ու ինչքան լավ լինեն մեր հարաբերությունները, ավելի անվտանգ կլինի և Հայաստանը, և Վրաստանը: Կեցցե´ անվտանգ Հայաստանը: Կեցցե´ անվտանգ Վրաստանը»:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին էլ իր խոսքում ասաց, որ հաճելի է այն, ինչ պայմանավորվել էին նախագահ Սերժ Սարգսյանի հետ մեկ տարի առաջ, այսօր իրականություն է դարձել. «Մի դահլիճում այսքան խելացի աչքեր հաճախ չեն հանդիպում»:
«Մենք պետք է մրցակցենք` մեր երկրներն ավելի բարգավաճ դարձնելու համար: Համոզված եմ, որ նման երկրորդ օլիմպիադան էլ Վրաստանում կանցկացվի: Մեր երկու երկրների հարաբերությունները շատ լավն են, ձեռք ձեռքի տված պետք է մտածենք մեր ապագայի մասին: Սիրով ասում եմ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իմ մեծ բարեկամն է, լավ կոլեգան, իմ եղբայրը: Հայ և վրաց ժողովուրդները շատ խելացի են, աշխարհի ուրիշ ժողովուրդները պետք է մեր ժողովուրդներից օրինակ վերցնեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան