Պայթյուն «Դոմոդեդովո»-ում. Հետաձգվել են Հայաստանից Մոսկվա իրականացվող չվերթները
Մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունը, ըստ նախնական տվյալների, կազմակերպել է մահապարտ ահաբեկիչը: «Նախնական տվյալներով, պայթուցիկ նյութը մահապարտ-ահաբեկիչը գործի է դրել օդանավակայանի միջազգային տերմինալում»,- «Ինտերֆաքս»-ին հաղորդել են իրավապահ մարմինների աղբյուրները:
«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, 31մարդ է մահացել, իսկ 130 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ռուսական աղբյուրների, պայթյունը որոտացել է «Դոմոդեդովո»-ի միջազգային տերմինալում, Մոսկվայի ժամանակով 16:40-ին (երևանյան ժամանակով 17:40-ին):
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չարչինյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Մոսկվա-Երևան թիվ 509 չվերթը իրականացվել է 16:30-ին, իսկ Սիբիրյան ավիաընկերության չվերթը դեռ իրականացման ընթացքում է: Նրա խոսքով, օդանավը «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Մոսկվա թռիչքն իրականացրել է տեղի ժամանակով 17:30-ին:
Մոսկվայից Երևան չվերթների հետաձգման մասին մամուլի խոսնակը տեղեկացված չէր:
Փոխարենը, «Դոմոդեդովո» օդանավակայանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Հայաստանից, Չինաստանից, Վիետնամից, Թուրքիայից դեպի Մոսկվա իրականացվելիք չվերթները հետաձգվելու են:
Մոսկովյան հիվանդանոցները, ըստ «Ինտերֆաքս»-ի, պատրաստ են ընդունել պայթյունի հետևանքով բազմաթիվ վիրավորների: Կատարվածի վերաբերյալ տեղեկացվել է նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան