Թուրքիայի իշխանությունները թույլ չեն տալիս տեղադրել Դինքին նվիրված հուշարձանը
Թուրքական «Հյուրիյեթ»-ը հարցազրույց է հրապարակել հայտնի քանդակագործ, Կարսի «Մարդկայնության հուշարձանի» հեղինակ Մեհմեդ Աքսոյի հետ, ում աշխատանքը քանդման է ենթակա երկրի վարչապետ Ռ.Թ. Էրդողանի` տարածաշրջան այցից հետո:
Ըստ «Հյուրիյեթ»-ի, այժմ էլ Ստամբուլի Շիշլի թաղամասի վարչական իշխանությունները չեն թույլատրում Մ.Աքսոյին մեկ այլ հուշարձան տեղադրել` նվիրված Հրանտ Դինքի հիշատակին: Նոր հուշարձանը իրենից ներկայացնում է կոտրված թեւով սպիտակ աղավնի, ինչը, ըստ հեղինակի, խորհրդանշում է Դինքի վաղաժամ մահը` մարդասպանի ձեռքով:
Ըստ Շիշլիի իշխանությունների հետ նախնական պայմանավորվածության, հեղինակը նախատեսում էր տեղադրել հուշարձանը հենց այն վայրում, որտեղ 2007թ. սպանվել էր Հրանտ Դինքը: «Մարդկայնության հուշարձանը, նվիրված հայ եւ թուրք ժողովուրդներին, եւ նույնիսկ կոտրված թեւով փոքրիկ սպիտակ աղավնին բավական են որոշ մարդկանց վախեցնելու համար», ցավով նշում է հեղինակը:
Իշխանությունները սկզբնական համաձայնությունից հետ կանգնելը բացատրում են նրանով, որ հեղինակը չի կարողացել չսահող ապակի գտնել հուշարձանի պատվանդանի համար, ինչի պատճառով «անցորդները կարող են ընկնել եւ կոտրվածքներ ստանալ»:
Թուրք քանդակագործը, «Հյուրիյեթ»-ի հաղորդմամբ, այժմ հակված է իրավական միջոցներ ձեռք առնել այս երկու միջադեպերի հետ կապված, եւ պատասխանատվության կանչել Թուրքիայի իշխանություններին: