Խորհրդակցություն` Կրթության ազգային ինստիտուտում
Կրթության ազգային ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարության հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Այս մասին տեղեկացանք ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բացելով խորհրդակցությունը` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ մեկամսյա պարբերականությամբ գործակարգավարական խորհրդակցություններ կանցկացվեն առանձնացված բոլոր ստորաբաժանումներում, որոնց կմասնակցեն նաև տվյալ կառույցների այլ պատասխանատուներ: Օրակարգի առաջին հարցը 2011 թվականին Կրթության ազգային ինստիտուտի կողմից նախատեսված ծրագրերի վերաբերյալ զեկույցն էր, որը ներկայացրել է տնօրեն Ն. Ղուկասյանը: Նա մանրամասն ներկայացրել է հիմնական 4 ուղղություններով նախատեսված ծրագրերը, որոնք վերաբերել են վերապատրաստումների կազմակերպմանը, փորձաքննության իրականացմանը, մշակումների ու հրատարակչական և վերլուծական-հետազոտական աշխատանքներին:
Նախարարի հանձնարարությամբ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները:
Նախարարն ամփոփելով Կրթության ազգային ինստիտուտի վերաբերյալ զեկույցը` նշել է, որ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է բովանդակային և կառուցվածքային փոփոխությոններ իրականացնել Կրթության ազգային ինստիտուտում: «Քարտեզագրվում է Կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղերի նոր տարբերակը և քննարկվում որոշ մասնաճյուղերի փակման կամ միավորման հարցը, որն ավելի օպտիմալ կդարձնի կառույցի ֆինանսական միջոցների ծախսման գործընթացը» -նշել է նախարարը:
Անդրադառնալով իրականացվող վերապատրաստումների գործընթացին` նախարարը նշել է, որ ներկայիս իրավական դաշտը, մասնավորապես «Հանրակրթության մասին» օրենքը հնարավորություններ է տվել վերապատրաստումների ու ատեստավորումների գործընթացը բաց դարձնել ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական, տեղական և միջազգային կառույցների համար: «Եթե տարիներ շարունակ Կրթության ազգային ինստիտուտն այս հարցում ուներ մենաշնորհային դիրք այս դաշտում, ապա ակնհայտ է, որ խաղի նոր կանոնների պարագայում այն կունենա որակի հավաստման նոր մեխանիզմների կարիք: Անցյալ տարի մեկնարկած տնօրենների վերապատրաստման գործընթացը հավաստագրման շրջանակում ցույց տվեց, որ ունի կրթության ազգային ինստիտուտի մասնագետների մեծ պահանջարկ, բայց կա նաև այլընտրանք: Նախարարությունը խրախուսելու է այլընտրանքների ձևավորումը այս դաշտում» - ասել է նախարարը:
Անդրադառնալով միջին դպրոցում ծրագրերի բեռնաթափման խնդրին` նախարարը նշել է, որ այն 2011 թվականի ամենամեծ հասարակական ուշադրություն վայելող աշխատանքներից մեկն է լինելու: Նախարարը հանձնարարել է ծրագրերը դնել հասարակական լայն քննարկման, ուսումնասիրել ստացված բոլոր կարծիքները և նոր միայն ներկայացնել հաստատման: «Այս պահին ներկայացված ծրագրերը չեն բավարարում, որովհետև չեն լուծում այն խնդիրները, որոնք մեր առջև դրված էին ՀՀ Նախագահի և կառավարության կողմից» -նշել է նախարարը, հավելելով, որ միջին դպրոցում բովանդակային առումով ծրագրերը 15-20 տոկոս ծանրաբեռնված են, քան այլ երկրների հանրակրթական ծրագրերը:
Նախարարը հանձնարարել է Կրթության ազգային ինստիտուտի կողմից հրատարակվող բոլոր պարբերականների էլեկտրոնային տարբերականները տեղադրել կառույցի նոր կայքում, որպեսզի հասանելի լինի հասարակության հնարավոր լայն շերտերին: Հանձնարարվել է քննարկել նաև Կրթության ազգային ինստիտուտի կողմից մագիստրոսկան ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, քանի որ առկա են անհրաժեշտ քանակությամբ տեխնիկական, բովանդակային և կադրային ռեսուրսներ:
Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին` առավել մեծ ուշադրության արժանացնել Հայոց բանակի օրվան և Գ. Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում իրականացվող աշխատանքներին` ներդնելով ստեղծագործական նոր միտք ու հոգի: Հանձնարարվել է նաև մինչև ԱԺ ներկայացնելը «Կրթության զարգացման ծրագրի» նախագիծը վերանայել` ներառելով հնարավորինս օբյեկտիվ և հիմնավորված ցուցանիշներ: Ընդառաջելով Հայաստանում ասորական համայնքին` նախարարը հանձնարարել է սկսել աշխատանքները թիվ 29 ավագ դպրոցի հումանիտար հոսքում ասորերենի դասարան բացելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան