Գյուլ. «Երբեմն անձայն, երբեմն տեսանելի կատարվող մեր աշխատանքները շարունակվում են»
Ստրասբուգում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպման ավարտին լրագրողների հայկական թեմայով հարց են ուղղել Գյուլին: Թուրքիայի նախագահն ի պատասխան ասել է, որ Անկարան ժամանակին աջակցել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մուտքը ԵԽԽՎ և այսօր գոհացած է այդ առումով:
«Այժմ այդ երկրները ԵԽԽՎ անդամ են: Հավատում եմ, որ Եվրախորհրդի արժեքները կովկասյան տարածաշրջանում ամենալավ կերպով կյանքի կկոչվեն: Դա կարևոր է ոչ միայն Կովկասի, այլև ողջ Եվրոպայի համար»,- ըստ թուրքական «Tumgazeteler» լրատվականի` ասել է Գյուլը:
Նշել է նաև, որ իրենց նպատակը Կովկասում կայունության, անվտանգության հաստատումն ու ամրապնդումն է: Գյուլի խոսքով, իրենք բավական ջանադրաբեր աշխատում են այդ ուղղությամբ. «Երբեմն անձայն, երբեմն տեսանելի կատարվող մեր աշխատանքները շարունակվում են: Համոզված եմ, որ շարունակվող մեր այդ աշխատանքներն անհրաժեշտ են»: