Որակյալ աշխատուժը` խնդիր ՏՏ ոլորտում
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայեցակարգային խնդիրները, որոնք շտապ լուծման կարիք են զգում, շատ են: Դրանց թվում է նաև որակյալ աշխատուժի քանակական ապահովման խնդիրը: Եվ թեպետ հայեցակարգը մոտ 3 տարի է` գործում է, սակայն շատ հարցեր դեռ վերջնական պատասխան չեն ստացել:
2011 թվականին ՏՏ ոլորտի ուշադրության կենտրոնում, ի թիվս այլ հարցերի, լինելու է «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգը»: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
« Հայեցակարգն ընդունված է, սակայն գործողությունների ծրագիրը չի իրականացվում: Հայեցակարգում մասնավորապես նշվում է , որ 2013 թվականին պետք է ունենանք 460 տեխնոլոգիական ընկերություն, իսկ արդեն 2018-ին՝ 1000 ընկերություն: Այսօր մենք ունենք մոտ 280 ընկերություն: Ըստ էության այն տեմպերը, որ ունենք այսօր՝ տարեկան մոտ 30 ընկերություն, բավարար չեն սահմանված ցուցանիշին հասնելու համար: Կա առանձին ենթակառուցվածք ստեղծելու խնդիր»,-նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրենը:
Խոսելով հայեցակարգի լուծում պահանջող մյուս խնդիրների մասին, Կարեն Վարդանյանն անդրադարձավ որակյալ աշխատուժի քանակական ապահովման խնդրին:
« Այսօր ունենք 6000 աշխատող ինժեներ, ըստ հայեցակարգի 2018-ին պետք է ունենանք 20 հազար որակյալ աշխատող: Այսինքն՝ տարեկան մոտ 1400 որակյալ աշխատողի ավելացման մասին է խոսքը: Այս մասնագիտությամբ սովորողներ կան , սակայն որակյալ մասնագետների քանակը նրանց շրջանակում 15-20% չի անցնում: Պատճառը հիմնականում կայանում է նրանում, որ համալսարանները որակյալ կրթություն չեն ապահովում և բուհերը որպես գիտահետազոտական կենտրոններ չեն աշխատում»,-նշեց Կարեն Վարդանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս և հայեցակարգում առկա մյուս խնդիրների վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանն էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է նախապատրաստել գործողությունների ծրագիր:
« Հիմա լիահույս ենք , որ գործողությունների ծրագիրն այս տարվանից կսկսի աշխատել և տարվա վերջում, երբ ամփոփենք արդյունքները, կամփոփենք հայեցակարգի իրականացման թվերին համապատասխան, այլ ոչ թե համեմատելով անցյալ կամ նախանցյալ տարվա հետ»,-ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի ԻՏՁՄ գործունեության առաջնահերթություններն են լինելու ՏՏ ոլորտի զարգացումը, ինֆորմացիոն հասարակության ձևավորումը, կրթության և աշխատուժի զարգացումը, իրավական դաշտի բարելավումը և համագործակցությունը պետական մարմինների հետ: