Թուրքական մամուլը հերքում է ինքն իրեն. Մեծամորի ատոմակայանն անվտանգ է
Նախօրեին թուրքական մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ երկրի արևելյան` Հայաստանի հետ սահմանակից ու սահմանամերձ շրջաններում կտրուկ ավելացել է թոքերի քաղցկեղով հիվանդների թիվը և դրա պատճառը ենթադրաբար ՀՀ Մեծամորի ատոմակայանի ռադիացոն արտահոսքն է: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Միջուկային հետազոտությունների կենտրոնի և Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանի մասնագետները սկսել են Իգդիրի տարբեր վայրերում տեղադրել ռադիացիայի աստիճանը որոշող հատուկ սարքավորումներ (դեդեկտորներ), որոնց արձանագրած արդյունքները միայն 60 օր հետո պարզ կլինեն:
Այսօր նույն այդ թուրքական մամուլը հերքում է տվել: Ինչպես հաղորդում է «Sondakika» լրատվական կայքը, Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանի ֆիզիկոս Բեքիր Դողանը հայտնել է, որ կատարվող աշխատանքները ոչ մի կապ չունեն Մեծամորի ատոմակայանի հետ:
«Մենք ուղղակի սկսել ենք արևելյան շրջաններում առկա ռադոն գազի աստիճանը չափել, այդ նպատակով էլ տեղադրել ենք համապատասխան դեդեկտորներ: Կատարվող աշխատանքները ոչ մի կապ չունեն Մեծամորի ատոմակայանի հետ»,-ասել է Բեքիր Դողանը:
Հիշեցնենք, որ այս թեման գրեթե ամեն տարի անհարկի շահարկվում է թուրքական լրատվամիջոցներում: Հրահրված սարսափի հիստերիան երբեք փաստարկված պատճառներ չի ունեցել ու չունի: Ընդհակառակը, հայ մասնագետները քանիցս պարզաբանել են, որ բոլոր այդ մեղադրանքները հանիրավի են: Հայաստանի ատոմակայանը գործում է անվտանգության բոլոր անհրաժեշտ նորմերի շրջանակներում և ճառագայթահարման վտանգ չի ներկայացնում հարևան Թուրքիային: