Ոչ պետական բուհերի լիցենզավորման գործընթացի վրա ճնշումներ կիրառվում են. ԿԳՆ պաշտոնյա
Փետրվարի սկզբին Հայաստանում ոչ պետական բուհերի լիցենզավորման հանձնաժողովը որոշում կկայացնի` ո՞ր ոչ պետական բուհերն են զրկվելու լիցենզիայից, այսինքն այլևս չեն շարունակելու աշխատել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց կրթության, գիտության նախարարության լիցենզավորման վարչության պետ Մովսես Մովսիսյանը:
Այժմ վարչության աշխատակիցներն ուսումնասիրում են ոչ պետական բուհերի գործունեության պայմանները` պարզելու արդյոք դրանք համապատասխանում են լիցենզավորման կարգով պահանջվող չափորոշիչներին: Երբ պարզ լինեն ուսումնասիրության արդյունքները, դրանք կքննարկվեն լիցենզավորման հանձնաժողովում ու վերջնական եզրակացությունը կներկայացվի կրթության, գիտության նախարարին:
Մովսիսյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա օգոստոսին նույն գործընթացի արդյունքում 7 ոչ պետական բուհեր ամբողջությամբ զրկվեցին գործունեության լիցենզիայից, իսկ 6-ն էլ` մասամբ: Այժմ հանրապետությունում գործում է 44 ոչ պետական բուհ:
Մովսիսյանը դժվարացավ նշել, թե մասնավորապես, որ բուհերն են ընկած փակման սպառնալիքի տակ և նկատեց, որ օգոստոսյան գործընթացից հետո որոշ բուհեր խրատվել են, գումարներ ներդրել ու պայմանները բարելավել:
«Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել. տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ, կհրավիրվեն նաև ռեկտորները ու որոշում կկայացվի: Այդ որոշումը, իր վերջնական եզրակացությամբ, կներկայացվի նախարարին», -նշեց Մովսիսյանը:
Կրթության, գիտության նախարարության պաշտոնյայի համար տարօրինակ չէր հարցը, թե բուհերի լիցենզավորման գործընթացի ժամանակ արդյոք ճնշումներ գործադրվո՞ւմ են նախարարության վրա, թե՞ ոչ: Նա ասաց, որ այդ ճնշումները կամ լծակներ կիրառելը սովորական բաներ են, քանի որ «բոլորս էլ ապրում ենք Հայաստանում ու բոլորս էլ հայեր ենք, և դա օգտագործում են, որ բիզնեսը չկորցնեն»:
Նա նաև նշեց, որ նախորդ տարվա օգոստոսին իրականացված ուսումնասիրության ժամանակ «ճնշումներ փորձել են գործադրել, բայց` ապարդյուն»: «Նախարարի վրա էին սկսել ճնշում գործադրել, բայց ոչինչ չփոխվեց, ամեն ինչ մնաց նույնը», -հավելեց նա:
Մեր հարցապնդմանը, թե ներկայումս այս կամ այն մասնավոր բուհին լիցենզիա տրամադրելու համար ճնշումներ կիրառվո՞ւմ են, Մովսիսյանը պատասխանեց. «Փորձում են, բայց չի օգնում են»:
Նրա խոսքով, այժմ ոչ պետական բուհերի շրջանում խոշորացման կամ միավորման միտում կա, և կրթական մի քանի հաստատություններ միավորվում են մեկի մեջ: