Էրդողանը հարցնում է. «Իսկ Դինքի սպանությունը ո՞վ էր պատվիրել»
«Էրմենիհաբեր»(Ermenihaber.am) լրատվական կայքի տեղեկացմամբ, պաշտոնական այցով Ուկրաինա մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուրքական «Birgun» (Բիրգյուն) պարբերականի թղթակից Ադեմ Յավուզ Արլսանը ինքնաթիռում հանձնել է իր հեղինակած «Մի հայ կա, Հրանտ Դինքի սպանության գաղտնազերծումը» գիրքը:
Ստանալուն պես Էրդողանը հետաքրքրվել է սպանության մանրամասներով և նրանց միջև ծավալվել է հետևյալ զրույցը:
Էրդողան
- Որպես հանցագործության վայր, ո՞րն ես գրել, Տրապիզոնը թե՞ Շիշլին:
Արսլան
-Բոլոր մանրամասները աշխատել եմ հաշվի առնել. Անկարա, Ստամբուլ և Տրապիզոն: Ավելի շատ փորձել եմ ներկայացնել սպանությանը նախորդող շրջանը և այն, թե Թուրքիան ինչպես է պատրաստվել սպանությանը:
Էրդողան
- Մարդասպանը հայտնի է, բայց դեռ ճշգրտված չէ ղեկավար կենրոնը: Այնտեղ ո՞վ կա:
Արսլան
- Բացահայտումներն ու ապացույցները մի տեղ են տանում: Ինչպես հայտնի է, նման սպանությունները որոշակի հոգեբանական մթնոլորտում են կատարվում: Ասում են` այս տեսակ սպանությունները կրոնական ազդեցությամբ են լինում…Այս հարցում քննդատություններ կան այն առումով, որ կառավարությունը անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել:
Էրդողան
- Մենք 36 ժամվա ընթացքում մարդասպանին և նրա հետ առնչվածներին ձերբակալեցինք: Մնացածը արդարադատության գործն է: Սակայն նրանք 4 տարվա ընթացքում դատական գործընթացները չկարողացան ավարտին հասցնել: Ի վերջո, մարդասպանի դատական գործը փոխանցվեց անչափահասների դատարան: Մեզանից ինչ պահանջվում էր, արեցինք: Մնացածը պետք է դատարանից պահանջել:
Հիշեցնենք, որ պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ագօս» թերթի խմբագրատան առջև: Նրա սպանության մեջ մեղադրվում է այն ժամանակ դեռ անչափահաս Օգյուն Սամասթը: Մեղադրանք է ներկայացվել նաև Սամասթին սպանության դրդած Յասին Հայալի և Էրհան Թունջելի դեմ: