Hurriyet. Ոչ թե զրո խնդիր հարևանների հետ, այլ զրո արդյունք
Ահմեթ Դավութօղլուն շարունակ պնդում է, որ իրենք հետևում են «հարևանների հետ զրո խնդիր» արտաքին քաղաքական ուղեգծին: Այդ մասին հիշեցնող թուրք վերլուծաբան Ջունեյթ Ուլսևերը քննության է առել Անկարայի արտաքին քաղաքականության օգուտներն ու վնասները:
Թուրքական «Hurriyet» օրաթերթում հրապարակված այդ վերլուծական անդրադարձում նախ` նշվում է նոր օսմանականության մասին, որ Մերձավոր Արևելքի, Բալկանների և Միջին Ասիայի ժողովուդները մեկտեղվեն Թուրքիայի գերակայության ներքո:
Որպես ձեռքբերումներ հոդվածագիրը նշում է ընդամենը երկու իրողություն.
1. Տարածաշրջանային որոշ երկրների հետ հանված վիզային (մուտքի արտոնագրային) ռեժիմը, անշուշտ, զգալիորեն կնպաստի հարևանների հետ առևտրատնտեսական գործունեություանը խթանմանը:
2. Աֆրիկա մայրցամաքում ունեցած հաջողություններն առաջիկայում դրական ազդեցություն կունենան թուրքական տնտեսության վրա:
Թվարկված դրական տեղաշարժերի հետ միասին, ըստ վերլուծաբանի, կան բազմաթիվ անհաջողություններ, այլ կերպ ասած` ԱՆկարան վատնել է էներգիա, գործադրել ջանք, բայց արդյունքում` ոչ մի ձեռքբերում: Հոդվածում թվարկված են դրանցից մի քանիսը.
1. Հայաստանի հետ ստորագրվեցին արձանագրություններ: Ադրբեջանին զայրացրեց դա: Վարչապետ Էրդողանը գլխապատառ գնաց Բաքու: Սրտները շահեց: Ընդդիմությունն էլ իր հերթին դատապարտեց հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այդպես էլ մնացին թղթապանակի մեջ:
2. Թուրքիան Սիրիա-Իսրայել հարաբերություններում ձեռնամուխ եղավ միջնորդության: Բայց Իսրայելի հետ հարաբերություններն այն աստիճան վատթարացան, որ Սիրիա-Իսրայել հնարավոր մերձեցման նախաձեռնությունում Թուրքիայի խոսքն այլևս չի անցնում:
3. Թուրքիան ԱՄՆ –ի, Արևմուտքի և Իրանի միջև միջնորդի դեր ստանձնելու համար ոտքի կանգնեց: Այն դեպքում, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ էր պատրաստվում կիրառել Իրանի դեմ, Թուրքիան Բրազիլիայի հետ միասին ստորագրեց Իրանին լիարժեք աջակցություն ցուցաբերելու մասին հռչակագիրը, ինչին, բնականաբար, Արևմուտքը լավ աչքով չնայեց: Այնուհետև Թուրքիան ՄԱԿ-ի ԱԽ-ում դեմ քվեարկեց Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանն ու ԱՄՆ կոնգրեսում ձեռք բերեց անհուսալի և կասկածելի դաշնակցի համբավ»,- գրում է Ուլսևերը` եզրահանգելով, որ նոր օսմանականության, ժողովուրդների լիդերության հավակնող թուրքական կառավարության տարածաշրջանային բոլոր նախաձեռնությունները գալիս հավասարվում են զրոյի:
Ու ոչ թե հարևանների հետ զրո խնդիր է լինում, այլ արդյունքներն են զրո լինում: