«Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային» ծրագիրն արդեն ԼՂՀ-ում է
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը և հայտնի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը ստորագրել են համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում «Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային» (OLPC: One Laptop Per Child) ծրագիրն իրականացնելու մասին:
Տեղեկատվության համաձայն, այս կրթական ծրագիրը մշակվել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) կողմից: Այն միտված է զարգացող երկրների դպրոցականներին առաջնակարգ կրթական ծրագրերով հագեցած ժամանակակից համակարգիչներով ապահովելուն:
Ծրագրի նպատակն է Ղարաբաղի միջնակարգ դպրոցներն ապահովել լափթոփ համակարգիչներով և, անլար ցանցի միջոցով, նաև ինտերնետով: ԼՂՀ կառավարությունը նաև պարտավորվել է Լեռնային Ղարաբաղի բոլոր գյուղերն ապահովել փոխկապակցված հեռահաղորդակցությամբ ծրագրի ազդեցության շրջանակն էլ ավելի ընդլայնելու նպատակով:
Է. Էռնեկյանը դիմել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը ծրագրի իրականացմանն աջակցելու խնդրանքով: Աշխարհի մեծագույն շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունը` ՀԲԸՄ-ն, պարտավորվել է տրամադրել անհրաժեշտ աջակցություն ծրագրի հաջող ընթացքն ապահովելու նպատակով: Համաձայնագիրը ստորագրելուց հետո ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը հայտարարել է, որ երկրի կառավարության համար դպրոցահասակ երեխաների կրթությունն առաջնահերթ է, և որ երկրի ռեսուրսների մի հսկայական մաս ուղղված է դպրոցների կառուցման ու վերանորոգման գործընթացին:
Նշենք, որ ԼՂՀ վարչապետի հետ հանդիպման ավարտին Էռնեկյանը համաձայնվել է աջակցել նաև ԼՂՀ զարգացման մի շարք այլ ծրագրերի, ներառյալ փոքր ֆերմաներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը, ժամանակակից գյուղատնտեսական սարքավորումները ձեռնարկություններին հասանելի դարձնելը, բիոէներգետիկ ռեսուրսների զարգացմանն աջակցելը և մսամթերքի ու կաթնամթերքի արտադրությունը ԼՂՀ տարածքում զարգացնելը: