Orange-ը` հանուն աուտիզմով հիվանդ երեխաների
Այսօր «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնում Orange-ը և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամն ամփոփել են նախորդ տարվա մայիսին մեկնարկած բարեգործական ծրագրի արդյունքները, որի նպատակն էր աջակցություն ցուցաբերել աուտիզմով հիվանդ երեխաներին և վերջիններիս ծնողներին:
Ընկերության տեղեկատվության համաձայն, բազմաթիվ միջոցառումներից բաղկացած ծրագիրը, որոնց մասնակցել են մոտ 45 ուսուցիչներ, 250 բժիշկներ և 100 երեխաներ, իրականացվել է Երևանում, Լոռու, Շիրակի, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում, ինչպես նաև Վաղարշապատի տարածաշրջանում: Ծրագրի իրականացման համար Orange-ը հատկացրել էր ընդհանուր առմամբ 25 միլիոն 170 հազար դրամ:
Ծրագրի շրջանակներում անցկացվել են հատուկ դասընթացներ աուտիզմով երեխաների մայրերի-խնամակալների համար, աուտիզի վերաբերյալ իրազեկման դասընթացներ դպրոցների ուսուցիչների և աշակերտների համար, դասընթացներ առաջնային բուժսպասարկման օղակի մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար, ինչպես նաև Գերմանիայից հրավիրված մասնագետի կողմից գործնական դասընթացներ նեղ մասնագիտական խմբի և ծնողների համար: Ծրագրի շրջանակներում նաև թվով 16 աուտիզմով երեխաներ ունեցան բացառիկ հնարավորության մայրերի և խնամակալների ուղեկցությամբ իրենց ամառային հանգիստն անցկացնել Ապարանի լճի ափին գտնվող ամառային առողջարանային ճամբարում:
«Այսօր ուրախությամբ հայտարարում ենք նաև ծրագրի շարունակականության մասին: 2011-ին նույնպես կշարունակվեն դասընթացները մասնագետների և մայրերի համար, իսկ ամառային ճամբարը կրկին կընդունի աուտիզմով երեխաներին »,-ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Նշենք, որ հիվանդության դեպքերի թվի ավելացում է նկատվում նաև Հայաստանում: Վերջին 4 տարիների ընթացքում հանրապետական մանկական նյարդահոգեբուժական դիսպանսերի մասնագետների կողմից հայտնաբերվել են աուտիզմի 336 նոր դեպք մինչև 5 տարեկան երեխաների տարիքային խմբում: