Թուրքիայում մամուլի ազատությունը վտանգված է
Թուրքիայի լրագրողների միությունը (ԹԼՄ-TGC) գրավոր հաղորդագրությամբ դատապարտել է «Ագօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մասին գիրք գրած լրագրող Ադեմ Յավուզ Արսլանին ահաբեկելու փաստը: Հաղորդագրությունում նշված է, որ Արսլանին սպառնալը մեծ ամոթ ու խարան է Թուրքիայում մամուլի ազատության համար:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի հաղորդած տեղեկության` հիշյալ հաղորդագրությունում մասնավորապես գրված է. «Իշխանություններին կոչ ենք անում անպայման բացահայտել Արսլանին ահաբեկողներին: Հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է տեր կանգնել մարդկանց` ճշմարիտ ու անկողմնակալ լուր ստանալու իրավունքին ու մամուլի ազատությանը Թուրքիայում»:
Հիշեցնենք, որ օրերս «Մի հայ կա. Հրանտ Դինքի սպանության գաղտնազերծումը» վերնագրով գրքի հեղինակ Ադեմ Յավուզ Արսլանը ստացել էր տարօրինակ պարունակությամբ ծանրոց, որում եղել էին Կալաշնիկով տիպի ինքնաձիգի երեք փամփուշտ և մեկ սպիտակ սպորտային գլխարկ: Ի դեպ` 2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը երեք փամփուշտ էր արձակել ու գլխին այդ պահին եղել էր սպիտակ մարզական գլխարկ: