Գյուլը պետական վերահսկիչ պալատին հրահանգել է ուսումնասիրել Դինքի սպանության գործը
Թուրքիայի նախագահականի պաշտոնական կայքը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ նախագահ Գյուլը Պետական վերահսկիչ պալատին (ՊՎՊ-DDK) հրահանգել է «Ագօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործն ու 4 տարի ընթացող դատավարությունը մանրակրկիտ ուսումնասիրել: Նախատեսվում է, Դինքի ընտանիքի և այլ շահագրգիռ կողմերի աջակցությամբ ձեռք բերել նոր տեղեկություններ ու փաստաթղթեր, հետազոտել գործի առնչությամբ կատարված աշխատանքների իրավաչափությունն ու ճշմարտացիությունը:
Հիշեցնենք, որ օրերս Ստրասբուրգում գտնված Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը «Milliyet» օրաթերթի թղթակից Հասան Ջեմալի հետ հարցազրույցում խոստացել էր Անկարա վերադառնալուն պես անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Դինքի սպանության գործով ընթացող խայտառակ դատավարությունն արդյունավետ դարձնելու համար: Հարցին, թե ինչ զգացողություն ունեցաք, երբ Մարդու իրավունքների եվրադատարանը դատապարտեց Թուրքիայի իշխանությունների հանցավոր անտարբերությունը Դինքի սպանության կանխման, ապա նաև անցկացվող դատավարության ժամանակ, Գյուլը պատասխանել էր. «Ամոթ ապրեցի»: