Հ.Կարապետյան. «Ադրբեջանը նավթադոլարներն ուղղում է հին զենք գնելուն, իսկ մեծ մասամաբ դա ուղղակի փող լվանալու միջոց է»
ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, երբ դիմեցինք շփման գոտում վերջին դեպքերը` հրադադարի ռեժիմի հերթական խախտումը մեկնաբանելու առումով, հիշեցրեց բազմիցս հնչեցրածը. «եթե Ադրբեջանը համոզվեր կամ առավել ևս համոզված լիներ, որ հայկական բանակն ի վիճակի չէ իրենց սադրանքներին դիմակայելու, ապա մեկ օր անգամ չէր հապաղի պատերազմ սանձազերծելու իմաստով»:
«Նրանք վստահ են, որ մեր բանակը մարտունակ է և սպառազինություններով այնուամենայնիվ չի զիջում Ադրբեջանին, էլ չեմ ասում, որ հայոց բանակը նաև բարոյական առավելություն ունի ադրբեջանական բանակի համեմատ»,-Panorama.am-ին ասաց պատգամավորը:
Իհարկե, ընդգծեց նա, Ադրբեջանը փորձ է անում գոնե սպառազինումների մրցավազքում գերազանցել Հայաստանին, սակայն վստահ է, որ մենք ետ չենք մնում, հատկապես եթե նկատի ունենանք, որ մեր բանակի կողմից հայկական գիտական ուժի ներդրումը` զինտեխնիկայի և ռազմական արդյունաբերության ոլորտում հատկապես, Հայաստանն անհամեմատ գերազանցում է Ադրբեջանին.«Եթե նրանք նավթադոլարները ուղղում են զենք գնելու, ընդ որում` հաճախ այդ զենքը հին է և, այսպես ասած, մեծամասամբ պարզապես ծառայում է փող լվանալու համար, ապա հայկական բանակում շեշտադրվում են արդիական զինատեսակները, ինչպես նաև մեր գիտական նվաճումներն օգտագործելը ` հօգուտ բանակի հզորացման»,- ասաց Հ.Կարապետյանն ու հավելեց, որ, այդուհանդերձ, Ադրբեջանը պատերազմ չի սկսի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան