Խողովակաշարի հարցում Հայաստանն ու Իրանը համաձայնության են եկել
Հայաստանն ու Իրանը համաձայնության են եկել խողովակաշարի հարցում, որով նախատեսվում է իրանական նավթամթերքն առաքել Հայաստանի Հանրապետություն: Այս մասին, իրանական PressTV կայքի հաղորդմամբ, հայտարարել է Իսլամական Հանրապետության նավթի նախարար Մասուդ Միրկազեմին` հունվարի 2-ին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպումից հետո:
Աղբյուրի համաձայն` իրանցի նախարարը տեղեկացրել է, որ խողովակաշարը սկիզբ կառնի հյուսիս-արևմտյան Թավրիզ քաղաքից և կձգվի մինչև Հայաստանի սահման: Ըստ իրանցի պաշտոնյայի` դա կօգնի Հայաստանին` իրանական նավթի միջոցով բավարարել էներգետիկ պահանջների մի մասը:
Մասուդ Միրկազեմին համաձայնության մանրամասներին չի անդրադարձել, սակայն հայտնել է, որ նավթամթերքի արտահանման ծավալների ու պայմանների հետ կապված հարցերը վերջնական հստակեցում կունենան մոտ ապագայում կայանալիք հանդիպման ընթացքում:
Նույն աղբյուրի հաղորդմամբ` Արմեն Մովսիսյանը շաբաթ օրը հանդիպել է նաև Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Ակբար Սալեհիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանն առնչվող հարցեր:
«Հայաստանն ու Իրանը քաղաքական որևէ խնդիր չունեն, և դա տարբեր ոլորտներում կապերն ընդլայնելու լուրջ հիմքեր է ապահովում»,- աղբյուրի հաղորդմամբ` հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը: Արմեն Մովսիսյանը նաև կոչ է արել խորացնել կապերը երկու երկրների մասնավոր հատվածների միջև: