Ղազախստանի Սահմանադրական խորհուրդն անօրինական է ճանաչել հանրաքվեի անցկացումը
Ղազախստանի սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել Նազարբաևի լիազորությունների երկարացման համար նախատեսված հանրաքվեի անցկացումը:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովստի» գործակալությունը, այս մասին հայտնել է Խորհրդի նախագահ Իգոր Ռոգովը: Նրա խոսքերով որոշումն ընդունվել է «ձևակերպման անճշտության» պատճառով:
Հիշեցնենք, Ղազախստանի խորհրդարանը հավանության էր արժանացրել երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օրինագիծը, համաձայն որի, հնարավոր կլինի երկարացնել նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունները մինչև 2020թ` առանց ընտրությունների անցկացման` հանրաքվեի միջոցով:
Ռոգովը նշել է, թե հակասահմանադրական ճանաչված «Ղազախստանի Սահմանադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու» մասին օրինագիծը չի կարող ստորագրվել և ուժի մեջ մտնել:
Սահմանադրական խորհուրդի որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից, և բողոքարկման ենթակա չեն:
«Նախագահը, համաձայն Սահմանադրության, իրավասու է մեկ ամսվա ընթացքում առարկել Սահմանադրական խորհուրդի որոշմանը: Այսպիսով, հանրաքվեի անցկացման հարցում վերջին խոսքը մնում է երկրի ղեկավարին», - նշել է Ռոգովը: