Քլինթոնի փետրվարյան այցը Թուրքիա հետաձգվել է
Միացյալ նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Թուրքիա Թունիսի և Եգիպտոսի տեղի ունեցող իրադարձությունների պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է: Ըստ նախապես ծրագրվածի` Քլինթոնը պետք է Թուրքիա մեկներ փետրվար ամսվա երկրորդ շաբաթվա սկզբին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Milliyet» օրաթերթի էլեկտրոնային կայքը:
Անկարա կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը պետք է հանդիպեր Թուրքիայի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ: Այցը նպատակ ուներ որոշակի ջերմություն հաղորդել վերջին շրջանում փոքր-ինչ սառեցված թուրք-ամերիկյան հարաբերություններին: Քննարկումների օրակարգում լինելու էին, Իրանի միջուկային ծրագիրը, թուրք-իսրայելական հարաբերությունների ճգնաժամը, մերձավորարևելյան զարգացումները, Հայաստանի հետ հարաբերությունների հարցը, քրդական խնդիրը, կիպրական հիմնախնդիրը և այլն: