Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցի մանկավարժներին գործազրկություն չի սպառնում
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցի մանկավարժներին, ովքեր մեկ անգամ ևս ցանկանում էին ճշտել իրենց կարգավիճակը. դպրոցն անցյալ տարեվերջին ՀՀ կառավարության որոշմամբ միացել էր «Փոքր Մհեր» կրթահամալիրին։ Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում նախարար Ա. Աշոտյանը փարատել էր արդեն նախկին հատուկ դպրոցի մանկավարժների մտավախություններն այն մասին, թե միավորման ընթացքում իրենք հեռացվելու են աշխատանքից, իսկ երեխաների ապագան «մատնվելու է բախտի քմահաճույքին»։
Նախարարը հավաստիացրել է, որ աշխատակազմից որևէ մեկը գործազուրկ չի դառնալու, «Փոքր Մհեր» ռազմամարզական կրթահամալիրի դեկավարության առջև խնդիր է դրված բոլորին ապահովել աշխատանքով։
«Ձեզ հնարավորություն է տրվում աշխատել նոր պայմաններում և նոր, ժամանակակից պահանջներին համապատասխան, ինչը կնպաստի ձեր մասնագիտական հմտությունների լիարժեք դրսևորմանը»,- նշել է նախարարը։
Երեխաների ճակատագրի վերաբերյալ նախարարը նշել է, որ դպրոցը նախատեսված էր հակասոծիալական վարք դսևորած երեխաների համար, մինչդեռ այնտեղ ընդգրկված էին հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ։ Նախարարը տեղեկացրել է նաև, որ մինչև այս ուսումնական տարվա ավարտը նրանք կշարունակեն ապրել նույն կերպ, իսկ ամռան ամիսներին կիրականացվի երեխաների կարիքների գնահատում և յուրաքանչյուրի համար կտրվի համապատասխան լուծում:
«Ակնհայտ էր, որ ձեր դպրոցը վատ համբավ ուներ։ Դպրոցի գործունեության ընթացքում իրավապաշտպան, հասարակական և միջազգային կազմակերպություններից բազմիցս ահազանգեր են հնչել, տարաբնույթ դժգոհություններ են եղել։ Բացի այդ, դպրոցում ընդգրկված էին մեծ թվով ոչ պրոֆիլային երեխաներ։ Այդ ամենի արդյունքում նախապես որոշվել էր դպրոցը փակելով լուծել հարցը, սակայն քննարկումների արդյունքում որոշվեց վերապրոֆիլավորել այն` դարձնելով ռազմահայրենասիրական ուղղվածության»,- ասել է Ա. Աշոտյանը` նշելով, որ այդ ոլորտում «Փոքր Մհեր» կրթահամալիրն առաջատարներից մեկն է։
Նախարարը տեղեկացրել է նաև, որ «Փոքր Մհեր» ռազմամարզական կրթահամալիրի մասնաճյուղում առաջիկա երկու տարիների ընթացքում 250 միլիոն դրամի ներդրում է կատարվելու։