Բրիտանական Չիվնինգ կրթաթոշակ. Դիմորդները պետք է առաջնորդական և ազդեցիկ դիրքերին հասնելու ներուժ ունենան
Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում է Չիվնինգ կրթաթոշակը, որը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարությունը և համակարգվում է Բրիտանական խորհրդի կողմից: Չիվնինգի կրթաթոշակը հովանավորում է Բրիտանիայում 12 ամիս ուսանելու ծախսը՝ ներառյալ ապրելու և միջազգային թռիչքի վճարները: Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային հիմունքներով մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար հետևյալ ոլորտներում` հակամարտությունների կանխարգելում և լուծում, հանրային ոլորտի բարեփոխումներ և արդյունավետ կառավարում՝ այն Եվրամիության և այլ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով, մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշների և պարտավորությունների իրականացում, քաղաքացիական հասարակության հզորացում, ազատ/անաչառ ԶԼՄ, ժողովրդավարական կառույցներ և օրենքի գերակայություն:
Դիմորդները պետք է առաջնորդական և ազդեցիկ դիրքերին հասնելու ներուժ ունենան: Նրանք պետք է ցուցադրեն, որ տիրապետում են այդ ներուժի արտահայտման անհատական, մտավոր և ներանձնական հատկություններին: Թեպետ թեկնածուները պետք է տիրապետեն իրենց ընտրած ոլորտում անհրաժեշտ ակադեմիական գիտելիքներին, այնուամենայնիվ ակադեմիական գերազանցությունը որոշիչ գործոն չէ կրթաթոշակների հանձման գործընթացում: Թեկնածուները պետք է`լինեն 25-35 տարեկան, սակայն ողջունվում է տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու կրթաթոշակի մրցույթին, արդեն ունենան բարձրագույն կրթության դիպլոմ, լինեն Հայաստանի քաղաքացիներ և բնակվեն Հայաստանում վերջին երեք տարիներին, ունենան նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ իրենց ընտրած ոլորտում, ունենան անգլերենի համապատասխան գիտելիքներ, վերադառնան Հայաստան և աջակցեն երկրի զարգացմանը:
Դիմումի ձևն անհրաժեշտ է լրացնել առցանց: Առաջին փուլն անցած դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` երկու երաշխավորագիր պաշտոնական ձևաթղթով և/կամ կնքված, ոչ ավելի քան վեց ամսվա վաղեմության, դիպլոմների և դիպլոմների միջուկների նոտարով հաստատված անգլերեն պատճենները, առողջության վերաբերյալ հայտարարագրման փաստաթուղթը:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2011թվականի փետրվարի 28-ը: Մարտի 4-ին պարզ կլինեն առաջին փուլն անցած դիմորդները: Հարցազրույցները տեղի կունենան մարտի առաջին կեսին: Նրանք, ովքեր հաջողությամբ հաղթահարել են հարցազրույցի փուլը, կհանձնեն անգլերեն լեզվի քննություն (ակադեմիական IELTS, պահանջվում է 6.5 և ավելի միավոր) 2011թվականի մարտի 19-ին: Թեկնածուները պետք է կարողանան մասնակցել անգլերեն լեզվի քննությանը և հարցազրույցին Երևանում: Վերջնական արդյունքները կհայտարարվեն 2011 թվականի մարտի վերջին: Ընտրական հանձնաժողովի որոշումը վերջնական է: