Վարչապետը ԿԳ նախարարին կոչ է անում Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցում տեղի ունեցող խախտումները հրապարակային ներկայացնել
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքվեց, թե վերջերս ի՞նչ աղմուկ էր առաջացել Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցի շուրջ և ինչումն է խնդիրը:
Նշենք, որ կառավարության որոշմամբ դպրոցը միացվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրին:
«Դպրոցը ստեղծվել է հակաիրավական, հակասոցիալական վարք ունեցող երեխաների համար: Վերջին տարիներին այս դպրոցի աշակերտների թվի կտրուկ նվազում կար, և դպրոցի տնօրինությունն ապօրինաբար սկսել էր հավաքագրել և իր հարկի տակ ընդունել նաև ոչ թիրախային խմբի երեխաներին, որոնք չունեին հակասոցիալական և հակաիրավական վարք»,– նշեց նախարար Ա.Աշոտյանը:
Ըստ նախարարի, դպրոցում սովորող 80 երեխայից ընդամենը 9–ն են ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Եթե դպրոցը չմիացվեր «Փոքր Մհեր» կրթահամալիրին, ապա, ըստ Աշոտյանի, այն պետք է ստիպված փակեին, իսկ դպրոցի աշխատողները կմնային գործազուրկ։
Ա.Աշոտյանի խոսքերով, բազմաթիվ իրավապաշտպան հասարակական միջազգային կազմակերպություններ այս դպրոցի մասին, որպես կանոն, գրել են վատը։ «Դպրոցի համբավը եղել է խայտառակ։ Ես անձամբ հանդիպել եմ կոլեկտիվի հետ, երաշխավորել եմ, որ ոչ ոք իր աշխատանքից չի զրկվի։ Սակայն կա աշխատանքի որակի խնդիր, կա աշխատանքի կարգապահության, կա երեխաների իրավունքների պաշտպանության խնդիր, կա հագուստի, սննդի խնդիր։ Տարիներ շարունակ այդ խնդիրները չեն լուծվել այնպես, ինչպես պետք է լուծվեին: Այսօր կառավարությունն իր վրա է վերցրել այդ խնդիրների լուծումը, իսկ նախարարությունը` այս երեխաների կրթության որակի համար պատասխանատվությունը»,- հայտնեց նախարարը:
Նա միաժամանակ նշեց, որ 2011թ.-ին պետբյուջեով 130 մլն դրամ է հատկացվել շենքի վերակառուցման համար, նույնքան գումար կհատկացվի նաև 2012թ.-ին., բացի դրանից նախատեսվում են նաև լուրջ կապիտալ ներդրումներ իրականացնել:
Վարչապետը նախարարին հարցեց, ապա ինչու են բողոքում, նախարար պատասխանեց, որ այդ կոլեկտիվում եղել են բազմաթիվ մարդիկ, որոնք աշխատանքի չէին գալիս, հավելագրումներ կային հաստիքացուցակում, աշխատանքային ռեժիմը խիստ չէր: Նախարարությունը տարիներ շարունակ ստուգումներ է իրականացրել այդ դպրոցում և վերջապես որոշում է կայացվել դպրոցը միացնել կրթահամալիրին։
Վարչապետը զայրացած դիմեց Ա.Աշոտյանին` ասելով, որ մեղավորին պետք է պատժել: «Միանշանակ, պարոն վարչապետ, դպրոցի տնօրենի պաշտոնակատարին ներկայացված է խիստ նկատողություն աշխատանքային կարգապահության խախտման համար, իսկ աշխատողներին երաշխավորվել է աշխատատեղ, ոչ ոք չի կրճատվելու, սակայն աշխատանաքային նոր պայմաններ են լինելու, պետք է աշխատեն շաբաթական 40 ժամ, իսկ ով չի կարող աշխատել նոր պայմաններով, ապա չի աշխատելու»,– ասաց նախարարը։
Ըստ Ա.Աշոտյանի այստեղ ամենակարևորը երեխաների պաշտպանության խնդիրն է դրված: «Անձամբ մի քանի անգամ այցելել եմ այդ դպրոց: Դպրոցը նպաստում է ընտանիքներից երեխաների կտրվելուն, երբ երկու ծնողն էլ ողջ էին, բայց սոցիալական պատճառներով չէին կարողանում երեխային պահել, բերում էին, թողնում այդ դպրոցում»,– նշեց Աշոտյանը։
«Անհասկանալի է դառնում, թե ինչից են բողոքում։ Բյուջեից գումար ենք նախատեսել մեծ դժվարությամբ, մենք հարյուրավոր դպրոցներ ունեինք, որոնք վերանորոգման կարիք ունեին։ Առաջնահերթություն ենք համարել այս դպրոցում 125 մլն դրամի ներդրում կատարել։
«Փոքր Մհեր» համալիրը լավագույնն է համարվում Հայաստանում։ Այսինքն՝ ծնողներ կան, որոնք ուզում են, որ իրենց երեխաներն այնտեղ սովորեն, բայց մենք հնարավորություն չունենք։ Մենք «Փոքր Մհերի» վրա դրել ենք լրացուցիչ բեռ, որ այս դպրոցը ոտքի կանգնեցնի։ Իրենք կանոնները խախտում են, անօրինականություններ են բացահայտվել, բայց իրենք էլ բողոքում են։ Անհասկանալի իրավիճակ է»,– նշեց Տ.Սարգսյանը:
Վարչապետը նախարարին կոչ արեց հրապարակային դարձնել այս ամբողջ գործընթացը, խախտումները հրապարակային ներկայացնել, մեղավորներին պատժել, և ցույց տալ, որ այստեղ պետությունը լուրջ միջոցառումներ է իրականացնում։ Տ. Սարգսյանը նշեց նաև, որ մարզերում կա մեծ պահանջարկ, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր նման կրթօջախ նաև այնտեղ բացվեն:
«Այնտեղ խիստ որոշակի շրջանակներ կան, խիստ որոշակի շահեր կան, եթե բանը հասնի նրան, որ ես ստիպված լինեմ նաև քաղաքական հայտարարություններ անելու, ես դա կանեմ, պարոն վարչապետ»,– ընդգծեց Ա.Աշոտյանը: