Սերժ Սարգսյանը ՀՖՖ նախագահի առջև խնդիր է դրել հաղթել ռուսներին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է օրաթերթերից մեկում վերջերս հրապարակված մի տեղեկատվության, համաձայն որի, իբր Ռուսաստանի իշխանությունները հայաստանյան գործընկերներին տնտեսապես շահավետ գործարք են առաջարկել որպեսզի մեր երկրի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի 2012թ առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 26-ին Երևանում կայանալիք խաղում զիջի Ռուսաստանի թիմին:
Հիշեցնենք, որ այդ հրապարակումից անմիջապես հետո Ռուսասատանի ֆուտբոլային Միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը նման լուրերը «հիմար զառացանք» համարեց:
Իսկ այսօր ի պատասխան այդ հրապարակման Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ դա մեր երկիրը, մեր ֆուտբոլը մեր ֆեդերացիան վարկաբեկելու, խայտառակելու փորձ է:
«Հայաստանի ազգային հավաքականը վերջին շրջանում լավ է հանդես գալիս, նրա կազմում ընդգրկվել են այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր հաղթանակի քաղց ունեն և հաղթողի հոգեբանություն: Վերջին 20 տարվա ընթացքում մենք այդպիսի հավաքական չենք ունեցել: Հայաստանյան ֆեդերացիային և մեր երկրի իշխանություններին հաջողվեց ստեղծել մի հավաքական, որի վրա կարող ենք հենվել, այժմ մենք հիանալի հնարավորություն ունենք նվաճելու Եվրոպայի առաջնության ուղեգիր, իսկ հատկապես Ռուսաստանի հավաքականի հետ խաղից առաջ ձգտում ենք հնարավորինս լավ համալրել ազգային թիմի կազմը:
Տարածված նման հրապարակումը հանգեցնելու է ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ծառայողական հետաքննությանը, ցանկացած միջազգային ֆուտբոլային կառույցում, որոնց հետ բանակցում ենք և աշխատում, մեզ վերաբերվելու են որպես այնպիսի մարդկանց, ովքեր կարող են խաղ վաճառել: Բայց այժմ մեր ֆեդերացիայում Տեր-Պետրոսյաններ և Սուրեն Աբրահամյաններ չկան և խաղ հնարավոր չէ վաճառել, իսկ նրանք ովքեր առանց ստորագրության նման հերյուրանքներ են հրապարակում մամուլում, ինձ նույնիսկ պատահաբար հանդիպելու դեպքում, կարող են ինսուլտ ստանալ:
Խնդրեմ, Դուք կարող եք ինձ չսիրել, բայց չսիրել մեր երկիրը չեք կարող, այդ հոդվածը Տեր-Պետրոսյանի թիմի հերթական ինտրիգն է, հենց որ այս երկրում մի ոլորտում առաջընթաց է արձանագրվում, անպայման հարձակվում են նրա վրա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անմիջական հսկողության տակ է վերցրել ֆուտբոլը և ամեն ինչում աջակցում է ինձ և նա իմ առջև խնդիր է դրել հաղթել Ռուսաստանի հավաքականին, կրկնում եմ` ես չեմ կարող խաղ վաճառել, որովհետև դա մարմնավաճառության պես մի բան է»,-հայտարարեց Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են