Ռ. Մուրադյան. «Սա նախապատրաստական քայլ է ապրիլի 24-ից առաջ»
Փետրվարի մեկին միջազգային և հայկական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր թուրք հակերների կողմից մոտ 7000 կայք կոտրելու մասին լուրը։
Հիշեցնենք, որ «1923 թուրքական խումբ» թուրք հաքերները սկսել են հարձակումներ իրականացնել բոլոր այն կայքերի դեմ, որոնք իրենց էջերում տեղ են հատկացնում Հայոց ցեղասպանության մասին հրապարակումներին։ Կայքերը շարքից հանելուց հետո թուրք հաքերներն անգլերենով և թուրքերենով թողել են նաև հետևյալ գրությունը. «Մի հավատացեք հայերի ստերին, ամենամեծ ցեղասպանությունը դու ես իրականացրել, Ամերիկա»։
«Սմարթ-տեխ» ընկերության անվտանգության գծով փոխտնօրեն Ռուբեն Մուրադյանի փոխանցմամբ, պատմության մեջ սա նման զանգվածային առաջին արշավն է։
Նրա փոխանցմամբ, կոտրված կայքերի թվի մասին առաջին տեղեկատվությունը ինքը ստացել է Ermenihaber.am հայկական թուրքալեզու լրատվական կայքից:
«Մեզ համար սա պետք է լուրջ ահազանգ լինի, քանի որ սա նախապատրաստական քայլ է ապրիլի 24-ից առաջ։ Սա նաև քաղաքական հաղորդագրություն է, որն ինչ որ տեղ կաշխատի նաև մեր օգտին »,- նշեց Ռուբեն Մուրադյանը։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանի փոխանցմամբ, այս քայլով թուրքերն ինչ որ տեղ նաև օգնել են մեզ։
«Ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի։ Այսուհետ մենք արդեն ունենք մոտ վեց հազար ընկեր, որոնց հետ կարող ենք աշխատել։ Ի վերջո, պետք է նաև հաշվի առնել, որ կայք կոտրելով, դու նաև ուժեղացնում ես թշնամուն»,- կարծիք հայտնեց Տիգրան Քոչարյանը։