Բազմահազարանոց բողոքի ցույց` Թուրքիայում
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում այսօր կայացել է բազմահազարանոց հանրահավաք` ի նշան բողոքի նոր ընդունված աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Անս պրեսս» գործակալությունը:
Մի քանի հազար բողոքավոր ցուցարարներ, հավաքվելով Անկարայի կենտրոնական այգում, երթով շարժվել են դեպի կառավարության շենք` կաթվածահար անելով քաղաքի գրեթե ողջ կենտրոնական հատվածը:
Աղբյուրի փոխանցմամբ, ոստիկանությունը փակել է դեպի կառավարության շենք տանող գլխավոր ճանապարհը, ցուցարարներին դիմադրելու ու ցրելու համար էլ օգտագործել արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, մի շարք ցուցարարներ, այդ թվում և ընդդիմությունը ներկայացնող պատգամավորները, ստացել են մարմնական վնասվածքներ ոստիկանության հետ բախման ժամանակ:
Այս պահին, Թուրքիայի խորհրդարանը վերանայում է աշխատանքային օրենսգիրքը, որով նախատեսվում էր նվազագույն աշխատավարձի կրճատում, ինչպես նաև գործատուներն իրավունք էին ստանում 4 ամիսների ընթացքում չվճարել ուսանողներին և սկսնակ աշխատողներին: