Ա.Սիմոնյան. «Գործատուն բուհերին պետք է ոչ միայն ֆինանսավորման համար, այլև ապագայի մասնագետ կայացնելու»
«Բուհերի ֆինանսավորման խնդիրներն այն կարգի խնդիրներից են, որոնք արծարծման ու քննարկման կարիք են զգում. Դրանք այնքան հրատապ են, որ քննարկումներն անգամ ինչ-որ տեղ ուշացած են»,- Panorama.am-ի հետ զրույցում` անդրադառնալով բուհական համակարգին ու առկա խնդիրներին` մասնավորապես ֆինանսավորմանը, նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Վերջինը ևս մասնակից է Աղվերանում կազմակերպված երկօրյա սեմինարին, որում քննարկվելու են կրթական ոլորտի բարեփոխումները, ֆինասնավորմանը վերաբերող խնդրիրներ և այլն:
Ա.Սիմոնյանն այն կարծիքին է, որ այսօր նախարարության ուշադրության կենտրոնում գտնվող «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շարունակականությունը կարևոր ծրագիր է հատկապես այն իմաստով, որ փայլուն ներկայացնում է իրավիճակը, ինչպես նաև որոնման ուղիները, որոնցով անհրաժեշտ է շարժվել առաջ.
«Սակայն մեր գերակա խնդիրը պետք է լինի հետևյալը` որոշել, թե ինչպիսին պետք է լինի բուհերի ֆինանսավորման սկզբունքը և ի՞նչ աղբյուրներից է ստացվելու այդ ֆինանսավորումը, քանի որ կարևոր է դրանց բազմազան լինելու հանգամանքը»,- նշեց ռեկտորը:
Բացի այս, մեծ ուշադրություն պետք է դարձվի աշխատաշուկայի անկատարությանը, քանի որ, ի տարբերություն զարգացած երկրների, Հայաստանում աշխատաշուկայի պահանջները չեն հարմարեցվում բուհերի պահանջներին:
«Զարգացած երկրների բուհերի փորձը ցույց է տալիս, որ դրանց ֆինանսավորման հարցում չափազանց կարևոր դեր ու նշանակություն ունեն գործատուները կամ մասնավոր ֆոնդերը, մինչդեռ մեզանում այդ մշակույթը ձևավորված չէ»,- ասաց Ա.Սիմոնյանն ու ավելացրեց,-«Շատ են հնչում կարծիքներ, որ մասնավոր ներդրումների պակասը հիմնականում պայմանավորված է նրանով, որ այս համակարգը հրապուրիչ չէ մասնավորի համար, սակայն` որպեսզի կրթությունը, այդ թվում նաև բարձրագույնը, հրապուրիչ լինի, գործատուն պետք է մտնի դրա մեջ»:
«Ցավոք Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել գործատուների, որոնք հետաքրքրված են և աշխատում են կրթական հաստատությունների հետ, իսկ գործատուն բուհի հետ միասին պետք է մասնակցի կրթական գործընթացներին»:
«Օրինակ` գործատուն պետք է մասնակցի կրթական պլանների ու ծրագրերի ստեղծմանը և այլն»,- համոզված է մայր բուհի ռեկտորը, իսկ ամենակարևորը` ըստ նրա, գորշատուն պետք է մասնակցի կոնկրետ այն մասնագետի կայացմանն ու կառուցմանը, որն իրեն վաղն անհրաժեշտ է լինելու:
Առավել ևս, որ բացի գիտելիք ստանալուց, հմտության խնդիր է առաջ գալիս` գիտելիքը պետք է կիրառելի լինի, իսկ առանց գործատուի, հասկանալի է, դա կլինի ոչ լիարժեք:
Մի խոսքով, գործատուի կարիքը բուհական համակարգը շատ է զգում ոչ միայն ֆինանսական տեսանկյունից, այլև կոնկրետացման` ինչ մասնագետ է պետք է իրեն` հետևաբար նաև պետությանն` ապագայում: