Արթուր Հաուֆման. «Կրթական ոլորտում ներկայումս կիրառվող համակարգն արդյունավետ չէ»
2009թ-ի 4-ից Հայաստանում մեկնարկել է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագիրը, որը միտված է մեր երկրի հանրակրթական ոլորտի բարեփոխումներին: Այս օրերին էլ Աղվերանում` սեմինարի ընթացքում, քննարկվելու է երկրորդ վարկային ծրագրի շարունակականության հարցը:
Panorama.am-ի հարցին` արդյո՞ք Հայաստանը պատրաստ է այդ ծրագրին և ի՞նչ արդյունքների մասին կարելի է խոսել շուրջ երկու տարի անց, պատասխանեց բարձրագույն կրթության ֆինանսավորման քաղաքականության մշակման ոլորտի փորձագետ Արթուր Հաուֆմանը:
«Դժվարանում եմ ասել, թե ի՞նչ աստիճանի է պատրաստ համակարգը , սակայն ակնհայտ է, որ ներկայումս կիրառվող համակարգը երկարաժամկետ կտրվածքով կայուն չէ: Խնդիրը նրանում է, որ այդ համակարգը չափից դուրս է հիմնված ուսանողների կողմից վճարվող ուսման վարձերի վրա և, ասենք, նույն ենթակառուցվածքային ծախսերը հաշվի առնված չեն… լավ համակարգ չի»,- ընդգծեց փորձագետը:
Միջազգային փորձագետը մատնանշեց նաև նրան, որ ներկայիս համակարգը խորհրդային միությունից ժառանգած որոշ խնդիրներ է պահպանել, օրինակ` չափից շատ են մեկուսացված հետազոտությունները ուսումնառությունների գործընթացից կամ, ասենք, հետազոտությունների ծավալը շատ մեծ է գիտահետազոտական ինստիտուտներում, բայց ոչ բուհերում:
«Մենք առաջարկում ենք ավելի շատ կատարողականի վրա հիմնված համակարգ, այն է` բուհերը ստանալու են գումար, որի չափը որոշվելու է առանձին վերցրած համալսարանի շրջանավարտների թվի համեմատ»,- տեղեկացրեց Ա.Հաուֆմանը ու հստակեցրեց` այսինքն առաջարկվում է բարձրագույն կրթության ֆինանսավորման ավելի արդիական համակարգ:
Նրա խոսքով, դա պետք է որ բարձրացնի ներդրված համակարգի արդյունավետությունը:
Նշենք, որ հիշյալ ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրվել է 31.26 մլն ԱՄՆ դոլար, որից 25 մլն դոլարը Համաշխարհային բանկի վարկն է, իսկ 6.26 մլն-ը` ՀՀ պետբյուջեի միջոցներն են: Ծրագիրը ներառում է նախադպրոցական, ավագ դպրոցն ու բարձրագույն կրթությունը: