Ա.Աշոտյան. «Միայն ֆինանսավորումից չի կախված կրթական ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը, այլև`գումարի ծախսման մեխանիզմների
«Ակնհայտ է, որ տարիներ շարունակ գործածվող մեխանիզմը` բարձրագույն կրթության ֆինանսավորման վերաբերյալ, այլևս իրեն սպառել է. մեխանիկական, իներցիոն ֆինանսավորման սկզբունքները, որ գոյություն ունեին տարիներ շարունակ, այսօր թույլ չեն տալիս մեզ կրթության որակի մատչելիության ու արդյունավետության բարձրացմանն ուղղված նոր գործիքակազմ որդեգրել»: Սա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներածական խոսքն է` «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի շրջանակում մշակված` բարձրագույն կրթության և ֆինանսավորման մեխանիզմների քննարկմանը նվիրված սեմինարին:
Հիշեցնենք, որ երկրորդ ծրագիրը շարունակում է հանրակրթության ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումները և ապահովում է դրանց անընդհատությունը` ներառելով կրթության մյուս մակարդակները: Ծրագիրը ուժի մեջ է մտել 2009թ-ի հոկտեմբերին, իսկ ավարտը նախատեսված է 2014թ-ին: Ընդհանուր արժեքն է 31.26 մլն ԱՄՆ դոլար:
Նախարարը շեշտեց` պետական ֆինանսավորման համար բուհերը պետք է որդեգրեն պետության կողմից ներկայացվող նոր քաղաքականությունը, իսկ տվյալ քննարկումների արդյունքում կոնկրետ նախարարությունը, նախևառաջ, ցանկանում է գալ ընդհանուր հայտարարի` ո՞ր ուղղությամբ պետք է տարվի բարեփոխումների ընթացքը:
Հիշեցման կարգով նախարար Աշոտյանը տեղեկացրեց, որ տարեկան պետական բյուջեից բարձրագույն կրթության ոլորտին հատկացնում է շուրջ 7.7 մլրդ դրամ և որ պետական բուհերի բյուջեներում պետական հատկացումները կազմում են ` կախված բուհի առանձնահատկություններից, ընդամենը 25-40 տոկոս, իսկ մնացյալն այն գումարն է, որ հիմնականում մուտքագրվում է ուսանողների կողմից վճարվող ուսման վարձերից, ինչպես նաև չնչին տոկոս են կազմում այլ աղբյուրներից ստացվող եկամուտները:
Նախարարին ակնհայտ է նաև, որ Հայաստանում միայն պետությունն ու ուսանողը չէ, որ պետք է վճարեն ուսման համար: Այնպես որ. «Պետք է փորձենք աջակցել մշակելու նոր բիզնես-մշակույթ` սոցիալական պատասխանատվությամբ լի, երբ խոշոր գործատուներն ու գործարարները, ելնելով նախևառաջ իրենց իսկ շահերից և այլ դրդապատճառներից, փորձեն աջակցել բուհերին հավելյալ հատկացումներով»,- ներկայացրեց քննարկման մասնակիցներին գերատեսչության ղեկավարն ու ավելացրեց, որ, սակայն, վճարման այս տեսակը մեր երկրում գրեթե բացակայում է:
Այսինքն` խնդիր կա նոր ֆինանսավորում գտնելու, բայց սա էլ լիարժեք պանացեա չէ իրավիճակը շտկելու և դրական արդյունքներ ունենալու, քանի որ.«Միաժամանակ փաստեմ` միայն ֆինանսավորումից չէ կախված աշխատանքի արդյունավետությունը, այլ նաև գումարի ծախսման ձևերից ու մեխանիզմներից»,- նշեց նա ու ավելացրեց, որ այսօրվա բյուջեի պարագայում էլ առկա է չօգտագործված ռեսուրս կրթության որակի, արդյունավետության ու մատչելիության բարձրացման համար, ինչը պահանջում է կառավարման նոր մշակույթ ու ամենակարևորը ընկալում, որ ամեն ինչ չէ կախված միայն ֆինանսներից:
Նշենք, որ սեմինարին մասնակցում են ոլորտը ներկայացնող մի շարք մասնագետներ ու փորձագետներ, այդ թվում նաև Ազգային Ժողովի Կրթության, գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանն ու Կարինե Աճեմյանը, ինչպես նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և այլոք: