ԿԳ նախարար. Մոտ ապագայում կանցնենք կտրուկ կադրային լուծումների
Այսօր Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ավագ դպրոցների տնօրենների խորհրդակցություն:
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մինչ խորհրդակցությունը սկսվելը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս տարի կավարտվի ավագ դպրոցների ցանցի ձևավորումը` դրանց թիվը հանրապետությունում հասցնելով 105-ի. այժմ հանրապետությունում գործում է 91 ավագ դպրոց: Ընդհանուր առմամբ, այսօր ավագ դպրոցներում սովորում է 17 հազար աշակերտ:
Նրա խոսքով, ավագ դպրոցների համակարգի ներդրումը նոր բարեփոխում էր, և այսօր առկան են դրական արդյունքներ: «Այսօր կան մի շարք ավագ դպրոցներ, որոնք իրականում կրթական նոր որակի ծառայություններ են մատուցում: Ավագ դպրոցներն այն աշակերտների համար են, ովքեր ցանկանում են ուսուցումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում: Սակայն չեմ կարող ասել, որ չկան խնդիրներ: Այսօր վերջնականապես դեռ չեն լուծվել ավագ դպրոցների ուսուցիչների որակավորման հետ կապված հարցերը»,- ասաց նա և հավելեց, որ ավագ դպրոցներում պետք է դասավանդեն լավագույն ուսուցիչները, այս հարցը լուծելու համար պարբերաբար կազմակերպվում է ավագ դպրոցների ուսուցիչների վերապատրաստումներ:
ԿԳ նախարարը նշեց, որ այսօր կազմակերպված խորհրդակցության նպատակն է ԿԳ նախարարության նոր մոտեցումները ներկայացնել ավագ դպրոցների տնօրեններին, ինչպես նաև պահանջել խիստ ուսումնական կարգապահություն, կրթական բարձր որակ:
«Այն դպրոցի տնօրենը, ով չհամապատասխանեց մեր պահանջներին, չի աշխատելու»,- ասաց նախարարը և հավելեց, որ այն դպրոցներում, որտեղ դրամահավաքությունն և կաշառակերությունը չդադարի, այդ դպրոցների տնօրենները հեռացվելու են:
«Ավագ դպրոցներում կաշխատեն այն տնօրենները, ովքեր որակ են ապահովում և խիտ են ավագ դպրոցի աշակերտների հաճախելիության հարցում: Ես որոշ դպրոցների հետ կապված ունեն որոշակի վերապահումներ: Այսօր տնօրեններին կզգուշացվի. շատ մոտ ապագայում մենք կանցնենք կտրուկ կադրային լուծումների»,- ասաց նախարարը:
Ա. Աշոտյանը հայտնեց, որ այս տարի ավագ դպրոցների 12-րդ դասարանների բոլոր հոսքերի համար դասագրքերն արդեն նախագծել են: Նա նաև նշեց, որ այս տարի կապիտալ վերանորոգվելու է 9 ավագ դպրոց, վերանորոգման ծրագիրը կաշարունակվի նաև մյուս տարի: