Ա. Աշոտյան. «12-ամյա կրթությունը կայացել է, թեկուզ ծնողները ձգտում են իրենց երեխան շուտ ավարտի, ամուսնանա ու երեխա ունենա»
Կրթության նախարար Արմեն Աշոտյանը բավականին լավ է տրամադրված իր նախորդներին, քանի որ համոզված է` տարիներ շարունակ ոչ մի նոր նախարար ոչ միայն չի բեկանել իր նախորդի ժամանակահատվածում սկսված բարեփոխումները, այլև որդեգրել է դրանք վերջնական արդյունքի բերելու քաղաքականությունը: Հաջորդիվ հասկանալի կդառնա, որ խոսքը ոչ թե նախորդների վարած ողջ քաղաքականությանն է վերաբերում` մեծամասամբ հայաստանյան կրթական ոլորտի համար ճակատագրական ու կործանարար հետևանքներով, այլ կոնկրետ դեպքերին:
Եվ որպեսզի իր այս պնդումը լրագրողներիս համար ավելի համոզիչ լինի, նախարարը խոսեց օրինակով ու մատնանշեց հետևյալ հանգամանքին` վերջին երկու տարիների ընթացքում նախարարության համար գերակա է ավագ դպրոցների խնդիրը, որի մասին, սակայն, առաջին անգամ խոսել են 2006թ-ին.«Կազմավորվել են դրանք 2008թ-ին և արդեն այսօր ունենք 91 ավագ դպրոց և ևս 14-15-ը կոունենանք մինչև այս ուսումնական տարեվերջ»,- տեղեկացրեց նա Աղվերանում այս օրերին ընթացող կրթական բարեփոխումներին նվիրված քննարկմանը մասնակից լրագրողներին:
Ի դեպ, ընդհանուր առմամբ, խոսելով ոլորտի բարեփոխումներից, որոնք ևս շարունակական բնույթ ունեն, նախարար Աշոտյանը մատնանշեց մի հանգամանք, որը կրթության ոլորտի պատասխանատուներին հավաքել է այդ քննարկմանը` երկրորդ վարկային ծրագրին:
Հիշեցնենք, որ դրա շրջանակում Հայաստանը Համաշխարհային բանկից, ինչպես նաև պետական բյուջեից ստանալու է ֆինանսավորում` ոլորտում նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու համար:
Բայց. «Ես քաջ գիտակցում եմ, որ բարեփոխումների և փոփոխությունների ճնշող մեծամասնությունը գոնե այս փուլում պոպուլյար չէ, որովհետև մենք ուզում ենք ոչ միայն ժամանակին համընթաց քայլել, այլև Հայաստանում իրականացնել փոփոխություններ, որոնք վաղվա օրվա հրամայականն են»,- պարզաբանեց դեպի վաղուց սպասված բարեփոխումներ տանող ճանապարհի խութերը նա:
Ի՞նչ ասել է ոչ պոպուլյար ըստ նախարարի: Օրինակ, բարեփոխումներն այդպես ոչ միանշանակ են ընկալվում հասարակության կողմից, քանզի դրանք կյանքի կոչելուն զուգահեռ հասարակությունը` աշակերտները, նրանց ծնողներն ու մանկավարժները, ստիպված են լինում փոխել սովորական կյանքի ռիթմը (փոխվում է դպրոցը, ուսուցիչները և այլն): Բայց այդ ամենը նախարարությունը, փաստորեն, քաջ գիտակցում է, ավելին` գերատեսչությունում, դրա ղեկավարի վստահմամբ, պատրաստ են նաև նեգատիվ տեղեկատվական հոսքերին ու մնացյալին, ինչը կապ ունի նեգատիվ ասվածի հետ, քանզի. «Ես խորապես համոզված եմ, որ այս փոփոխություններին այլընտրանք չկա և որ 12-ամյա կրթությունը, անկախ նրանից, որ ծնողները շտապում են, որպեսզի իրենց երեխան դպրոցն ավելի շուտ ավարտի, շուտ ամուսնանա ու ավելի շուտ երեխա ունենա կայացել է»,- վստահություն հայտնեց Ա.Աշոտյանը` հավելելով, սակայն, որ մեկ-երկու տարի անց 12-ամյա կրթության ատեստատը ճանաչվելու է Եվրոպական տարածքում, իսկ միջնակարգ կրթության վկայականը չի ճանաչվի այդ նույն տարածքում:
Այնպես որ, ընդգծեց նախարար-ռեֆորմիստը, պտուղը տեսնելու համար պետք է մի փոքր սպասել: