Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման բոլոր տոմսերն արդեն վաճառվա՞ծ են
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Սովետսկի սպորտ» թերթի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է, որ մոտ ժամանակներս կարող է զրուցել Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյի հետ` կապված հայաստանյան լրատվամիջոցներից մեկի բարձրացրած աղմուկի հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկություն էր հրապարակվել, թե ռուսաստանյան իշխանությունները «շահավետ տնտեսական գործարք» են առաջարկել հայաստանյան գործընկերներին, որպեսզի Հայաստանի ընտրանին զիջի ՌԴ գլխավոր թիմին մարտի 26-ին Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երևանում կայանալիք խաղում:
- Դա պարզապես հիմարություն է: Ինչպե՞ս կարելի է նման բաներ գրել,- ասել է Ռ. Հայրապետյանը:- Բայց ես չեմ կարծում, որ նման հրապարակումներով կարելի է հավասարակշռությունից հանել և մեր, և ռուս ֆուտբոլիստներին: Նրանք հասկանում են, որ այդ թեմայով բոլոր խոսակցությունները փողոցային բամբասանքներ են:
- Կապված վերջին իրադարձությունների հետ` խոսե՞լ եք ՌՖՄ-ի որևէ ներկայացուցչի հետ:
- Ոչ: Որքանով ինձ հայտնի է, մի քանի օր առաջ ինձ հետ ցանկացել է զրուցել ՌՖՄ-ի նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն, բայց մեր զրույցն այդպես էլ չկայացավ, քանզի ես տեղում չէի: Կարծում եմ` մոտ ժամանակներս կխոսենք:
- Երևանյան հանդիպման տոմսերի մասին ի՞նչ կասեք:
- Բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Իսկ Ռուսաստանին, ինչպես և ենթադրվում էր, հատկացրել ենք «Հանրապետական» մարզադաշտի տոմսերի 10 տոկոսը: Այդ մարզադաշտը տեղավորում է մոտ 15000 հանդիսական:
- Ինչո՞ւ չեք խաղում «Հրազդանում», որը կարող է տեղավորել 55 հազար երկրպագուների:
- «Հրազդանում» շատ վատ է խոտածածկի վիճակը: Մեր ֆուտբոլիստները չեն ցանկանում խաղալ այնտեղ, ձերոնց էլ, իհարկե, դուր չէր գա: Իսկ «Հանրապետականում» խոտածածկը նոր է, մարզադաշտը վերակառուցված է:
- Հայաստանի հավաքականին բարձրացված պարգևավճարներ խոստացվե՞լ են Ռուսաստանի ընտրանու դեմ խաղում հաղթանակի համար:
- Յուրաքանչյուր հաղթանակի համար մեր ֆուտբոլիստները պարգևավճարներ են ստանում: Եվ Ռուսաստանի ընտրանու հետ խաղը բացառություն չէ: Որքանով տեղյակ եմ, նման պրակտիկա բոլոր հավաքականներն ունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են