Արևմուտքը թուրքերին կնմանեցնի թալիբաններին
Թուրքական «Milliyet» պարբերականի վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը ցավ ու ափսոսանք է հայտնել հայ-թուրքական հաշտություն և խաղաղություն խորհրդանշող Կարսի հուշարձանի ապամոնտաժման կապակցությամբ: Ինչպես հայտնի է, օրեր առաջ Կարսի քաղաքապետարանի խորհուրդը 4 դեմ և 19 կողմ ձայների հարաբերակցությամբ որոշում էր կայացրել ապամոնտաժել այդ վիթխարի հուշարձանը, քանի որ հունվարի սկզբին Կարս կատարած այցելության ընթացքում Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն անճոռնի էր անվանել այդ հուշարձանը և հարկ համարել քանդել այն:
Բիրանդը նկատել է տալիս, որ քաղաքապետարանը հլու կամակատարի պես իրագործեց Էրդողանի հրահանգը և շուտով կապամոնտաժվի հայերին հաշտության ձեռք մեկնելու խորհուրդը կրող այդ հուշարձանը: Բիրանդն ուշադրություն է հրավիրում հատկապես այն տեսարանի վրա, որը փաստորեն դեռ տեղի պիտի ունենա և ամենայն հավանականությամբ ցուցադրվի ուղիղ եթերով:
«Պատկերացնո՞ւմ եք ինչպիսի տեսարան է լինելու: Ամբողջ աշխարհն ապշած դիտելու է թե ինչպես է արձանը պայթուցիկներով մաս-մաս բաժանվում կամ մետաղալարերի օգնությամբ տեղահանվում: Արևմուտքն այդ իրադարձությունը կնմանեցնի թալիբանների կողմից Բուդդայի արձանների պայթեցման հետ: Իսկ հայերը կասեն` ահա տեսեք թուրքերի բարբարոսությունը: Մոլեռանդ կրոնավորներն էլ կծափահարեն կատարվածին: Մինչդեռ վարչապետի ուզածն այդ չէր: Ցավոք, դեպքերը լրիվ այլ հունով են զարգանալու»,- եզրափակում է թուրք հոդվածագիրը:
Նշենք, որ Հայաստանի սահմանից 40 կմ հեռավորության վրա գտնվող այդ հուշարձանի նախնական անվանումը եղել է «Հայաստանի հետ բարեկամության և հաշտության հուշարձան», իսկ հետո, կտրուկ արձագանքներ ստանալու հետևանքով անվանափոխվել է «մարդկության հուշարձանի»: